Հունվարի 29-ը Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցն է: Եվ ծաղիկներ են խոնարհվում Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործոց առաջին նախարարի կիսանդրուն, զինվորական պատիվներ են տրվում մի անհատի, որ լեգենդ էր արդեն կենդանության օրոք, երախտիքի տուրք է մատուցվում պետական և ազգային գործչին, ում ջանքով կազմակերպվեց Վանի ինքնապաշտպանությունը, և Վասպուրականի հայությունը փրկվեց եղեռնից, ում հաստատակամությամբ միազորվեց Արարատյան աշխարհը և եղավ Սարդարապատ ու հաղթանակ, եղավ Հայաստանի Հանրապետություն, և պետականություն, որ կա այսօր ու լինելու է:
Արամը պարզապես ներքին գործերի նախարար չէր, և իր ղեկավարած կառույցն էլ պարզապես նախարարություն չէր. Արամը երկրի ողջ ներքին կյանքն էր նորոգում՝ սկսած հանցավորության դեմ պայքարից և կարգուկանոնի հաստատումից մինչև իրենց օրենք ու իշխանություն երևակայողների զինաթափում, մինչև շինականի հոգս ու ցավի ամոքում, որբերի հոգևոր ու մարմնական ապաքինում, նպաստամատույց ծառայությունների վերահսկում, մինչև իսկ կրթություն: Իր ժողովրդի հետ էր միշտ և այդ օրերին ժողովրդին ճարակած մահով էլ գնաց դեպի… անմահություն՝ կրկին հաստատելով վճռական մենակի անպարտելիությունը և սերունդներին ավանդելով պետության պաշտամունք:
Լրագրողների հետ ճեպազրույցում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հենց դրանով կարևորեց օրվա խորհուրդը' նշելով, որ հարյուրամյակներով պետություն չունեցող մեր երկրի ներքին գործերի առաջին նախարարը հիմնաքարի դեր ունեցավ. «Նա առաջին հերթին մեր ակունքն է, ոստիկանության ակունքը, մենք նրա ժառանգորդներն ենք: Գրագետ, բարոյական, ուժեղ անձնավորություն, որ մինչև վերջին շունչը աշխատեց և կյանքը նվիրաբերեց հայրենիքին...»: