Հոկտեմբերի 23-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց հերթական գործնական պարապմունքը, որի ընթացքում քննարկվեցին անչափահասների հետ տարվող աշխատանքի արդի մոտեցումները, դպրոցական տեսուչների ինստիտուտի ներդրման արդյունքներն ու գործունեությունը, ընտանեկան բռնությունների դեմ պայքարի ընթացքը:

 

 

Բարձր գնահատելով Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության աշխատանքը անչափահասների շրջանում ծավալուն կանխարգելիչ ու դաստիարակչական միջոցառումների իրականացման գործում՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաև դեռահասների հետ օպերատիվ աշխատանքի ակտիվության բարձրացման և առնվազն այդ մակարդակին հասցնելու անհրաժեշտությունը:

 

 

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կարծում է, որ հեռուստատեսությամբ փառաբանվող կրիմինալի և անտարբերության արդյունքում Հայաստանում աճել է անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների թիվը:

 

 

«Ես տեսնում եմ խնդիր. հանցագործությունը երիտասարդանում է, մենք յուրաքանյուրս փայաբաժին ունենք այդ մեղքի մեջ: Կամ մենք կդարձնենք անչափահասներին օրինապաշտ քաղաքացի, կամ փողոցը, էսպես կոչված կրիմինալը կդարձնի մեր վաղվա օրվա կլիենտը: Դրա համար էլ կարեւոր եմ համարում անչափահասների հետ տարվող աշխատանքները»,- ասել է ոստիկանապետը:

 

 

Վլադիմիր Գասպարյանը պարապմունքի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց «Տեսուչը դպրոցում» ծրագրի իրականացման ընթացքի վրա՝ նկատելով, որ ժամանակին այդ ծրագրին կասկածողներն ու չարախոսողները այսօր առաջարկում են ավագ դպրոցի փորձը տարածել նաև մյուս կրթական հաստատությունների վրա: Մենք, սակայն, պետք է ավելի առաջ գնանք, ընդգծեց ոստիկանության պետը, անչափահասների գծով տեսուչը պետք է աշխատի ընտանիքների, շրջապատի, դեռահասների արտադպրոցական միջավայրի հետ՝ նպատակ ունենալով հենց այդ տարիքից բացառել բոլոր հանցամիտ գայթակղություններն ու շեղումները:

 

 

Այնուհետև ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը մանրամասնեց գործնական պարապմունքի օրակարգով նախատեսված խնդիրները, որոնց քննարկման արդյունքում տրվեցին համապատասխան հանձնարարականներ: