Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 29-ին, ժամը 20.00-ին, Մայիս Խաչատրյանը և Վիտալիկ Մեսրոպյանը ներկայացել են ոստիկանության Գորիսի բաժին:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից հայտնել էին, որ որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել, որ հունվարի լույս 23-ի գիշերը Գորիս քաղաքի բնակիչ Մայիս Խաչատրյանը մարմնական վնասվածքներ է հասցրել համաքաղաքացի Վիտալիկ Մեսրոպյանին: Միևնույն ժամանակ, լրատվամիջոցները մեղադրանք են ներկայացրել ոստիկանությանը, թե դեպքը ոստիկանության Գորիսի բաժնում չի գրանցվել:

 

Մեղադրանքը անհիմն է և իրականությանը չի համապատասխանում:

 

Նշված դեպքը ոչ միայն գրանցվել է, այլև ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ:

 

Իրողությունը հետևյալն է:

 

Հունվարի 23-ին ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հունվարի 22-ի երեկոյան Գորիսի բնակիչ Վիտալիկ Մեսրոպյանը ծեծի է ենթարկել Յուրա Մանուչարյանին, ինչից հետո վերջինս իր բարեկամ Մայիս Խաչատրյանի հետ գնացել է Գորիս քաղաքի Երևանյան խճուղում գտնվող բենզալցակայան ու ծեծել Վիտալիկ Մեսրոպյանին և Արթուր Հարությունյանին:

 

Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվել, ինչի ընթացքում պարզվել է, որ մինչ այդ Արթուր Հարությունյանը հանդիպել է Յուրա Մանուչարյանին և պահանջել, որ չանհանգստացնի իր քրոջը: Նրանց միջև վիճաբանություն է ծագել, որին միջամտել է Վիտալիկ Մեսրոպյանը: Յուրա Մանուչարյանը հեռացել է և վերադարձել իր բարեկամ Մայիս Խաչատրյանի հետ: Նրանք վիճաբանել են Վիտալիկ Մեսրոպյանի և Արթուր Հարությունյանի հետ, ինչի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ Վիտալիկ Մեսրոպյանին և Մայիս Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:

 

Կատարվում է հետաքննություն: