Հոկտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետարանում ուշագրավ միջադեպ է արձանագրվել: Ըստ այդմ՝ այդ օրը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն այնպես է ծեծի ենթարկել ավագանու անդամ Լյովա Արզանյանին, որ վերջինս ուշաթափվել էԻնչպես երևում է՝ Առուշանյանի համար երկրում իրավիճակ չի փոխվել և Նոր Հայաստանում դեռևս շարունակվում են հին համակարգին բնորոշ բարքերը՝ ծեծ ու ջարդով հարցեր լուծելը, ահաբեկելը և սպառնալը:  Փորձելով արդարանալ՝ Առուշանյանը ոչ միայն հերքել է իր կապը միջադեպի հետ, այլև առիթը բաց չի թողել «հոխորտալ» նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ: Առուշանյանը մասնավորապես հայտարարել է. որ ինքը շատ վատ է վերաբերվում նախկին մարզպետի մերձավորների կողմից մարդկանց ծեծելու դեպքերին: «Լիսկան էդքան չկար, որ կարար սյունեցուն ծեծեր եւ ինքը անպատիժ մնար եւ եթե ինքը մեր քաղաքացիներից որեւէ մեկին նման վնասվածք պատճառեր, հավատացեք, որ 10 անգամ ավել մենք էլ իրենց ենք վնաս տվել»,-հայտարարել է Գորիսի քաղաքապետը:
 
Իհարկե, Խաչատրյանի՝ մարզպետ լինելու տարիներին, չնայած նրա հասցեին հնչող քննադատություններին, քաղաքապետերը նրա աշխատանքը գնահատելիս նմանվում էին «կոռկուռի ձագի»: Այսօր երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, շատերը՝ այդ թվում Առուշանյանը` ավելի «դուխով» են դարձել, սակայն ուշագրավ է որ նրանց «դուխը» արթնանում է միայն այն դեպքերում, երբ խոսքը բանտում գտնվող կամ երկրից հեռացած նախկին պաշտոնյաներին է վերաբերվում: Անկասկած, Սուրեն Խաչատրյանը բնավ էլ աչքի չի ընկել հրեշտակային պահվածքով, եղել են միջադեպեր, այդ թվում՝ իրավական հարթության մեջ, որոնք գուցե ինչ-որ տեղ նաև ստվերել են նրա կառավարման շրջանը, սակայն մի բան ակնհայտ է՝ մեջքի հետևից խոսելու ինստիտուտը Հայաստանում օր առաջ պետք է վերացնել: Անչափ հետաքրքիր է՝ արդյո՞ք Առուշանյանը նույնչափ դուխով այդ գնահատականը կնչեցներ իր օպոնենտի հետ դեմ առ դեմ լինելով: Թերևս՝ ոչ: Կամ այլ հարց՝ որտե՞ղ էր նույն Առուշանյանը, երբ, ըստ իր խոսքերի` նախկին մարզպետի մերձավորները սյունեցիներին ծեծում էին և անպատիժ մնում: Ինչպես երևում է` Առուշանյանը նույնպես «այդքան չկար», որպեսզի ահազանգեր, բարձրաձայներ այդ ապօրինությունների մասին, առավել ևս՝ կանխեր դրանք: Այսօր Գորիսի քաղաքապետին այլ բան չի մնում, քան պայքարել նախկին մարզպետի ստվերի դեմ, որը, ինչպես երևում է՝ Առուշանյանին այդպես էլ հանգիստ չի տալիս: