«Թուրքի նման ընտանիք է, թուրքին, ադրբեջանցուն գիտե՞ս, իրենց ո՞նց ես վերաբերվում, սա է իմ պատասխանը»: Այսպես պատասխանեց գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Արայիկ Բուդաղյանը Aysor.am-ի թղթակցի հարցին, թե ինչ հարաբերություններ են եղել իրենց և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանների ընտանիքի միջև:
Հարցին՝ արդյոք ճի՞շտ էին լուրերը, որ ինքը Մոսկվայից ժամանել է Հայաստան և հեղինակություն վայելող մարդկանց հետ հավաք կազմակերպել այս դեպքի հետ կապված, Ա. Բուդաղյանը նշեց. «Ի՞նչ վենդետա, ի՞նչ հավաք: Առաջին անգամ եմ նման բան լսում: Ես հիմա ոչ լուրեր եմ կարդում, ոչ էլ գիտեի այդ մասին»:
Հարցին, արդյոք ճի՞շտ է, որ ինքն ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մանկության ընկերներ են, նա ասաց. «Ես իրենից ավելի փոքր եմ, մենք մանկության ընկերներ չենք»,- ասաց Բուդաղյանը և հերքեց, որ Վ. Գասպարյանն է իրեն դիմավորել օդանավակայանում:
Ա. Բուդաղյանը նշեց, որ եղբոր՝ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը լավ է, իսկ հոգեբանականը' «ո՞նց կարող է լավ լինել»: Նա ասաց, որ ինքն ու գնդապետը խոսում են այս դեպքի մասին, սակայն դա հրապարակման ենթակա ինֆորմացիա չէ:
Նա նաև հրաժարվեց կարծիք հայտնել դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի մասին:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գորիսում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին' Տիգրան Խաչատրյանը։