Օրեր առաջ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կայացրած որոշման համաձայն' ազատ արձակվեցին Սուրեն Խաչատրյանի տղան և թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանն ու Տիգրան Խաչատրյանը:

 

ՊՆ քննչականը պարզել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը' մեկնաբանելով նման որոշում ասաց.

 

«Ես իրավական տիրույթի խնդիրներին քաղաքական գնահատականներ չեմ տալիս և առհասարակ դատական ատյաններ պետք է այդ գնահատականները տան: Մյուս կողմն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բողոքարկել և դա զուտ դատական խնդիր է, և ես երբեք դատական խնդիրների մեկնաբանությամբ հանդես չեմ գալիս:

 

Մեր համոզումը հետևյալն է, յուրաքանչյուր օրինախախտում մեր երկրում պետք է խստագույնս պատժվի, բայց դա հարց է, որի հասցեատերը ես չեմ, հասցեատերը իրավապահ մարմիններն են, որոնք պետք է պատասխանեն: Բուդաղյանների ընտանիքն իրավունք ունի օգտվել իրենց իրավունքներից, դիմել դատական ատյաններ, և դա իրենց իրավունքն է»:

 

Էդուարդ Շարմազանովը այդ հարցում բացառեց քաղաքական միտումը: