Այսօր տեղի ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է Սերժ Սարգսյանը: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նիստում քննարկվել են ներքաղաքական և տարածաշրջանային հարցեր:
Անդրադարձ է եղել նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներին. «Մեր տեսակետը հետևյալն է. խնդիրը գտնվում է նախաքննության փուլում, յուրաքանչյուր մեղավոր պետք է պատժվի անկախ պաշտոնից, դիրքից: Որևէ վերանշանակման հարց չի քննարկվել»,- ասաց Շարմազանովը:
Հարցին, թե հնարավոր է Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնի ՊՆ տեղեկատվական և հասարակության հետ կապերի վարչության պետ, գեներալ Վարդան Ավետիսյանը, Շարմազանովն ասաց, որ նման հարց չի քննարկվել և այն, որ Վարդան Ավետիսյանը Սերժ Սարգսյանի մորաքրոջ տղան է, չի համապատասխանում իրականությանը.
«Պարոն Ավետիսյանը նախագահի զարմիկը չէ, որովհետև նախագահը ոչ քույր ունի, ոչ մորաքույր»:
Շարմազանովն ընդունեց, որ Հայաստանում կան անբարեխիղճ պաշտոնյաներ, կան հիմնախնդիրներ, բայց այն կարծիքին է, որ պետք է ծայրահեղ կարծիքներ չհնչեցվեն, քանի որ, չնայած ամեն ինչ լավ չէ, բայց և ամեն ինչ այդքան էլ վատ չէ: