Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում նախաքննական մարմնի միջնորդությամբ` ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու հարցի քննությունը ավարտվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
«Ավարտվեց նիստը, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը հրապարակվելու է այսօր»,- ասաց Մկրտչյանը:
Պաշտպանի խոսքով` Մանվել Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, նա իր դեմ ներկայացված մեղադրանքը շարունակում է չընդունել:
«Նրա մոտ եկել էր շտապօգնություն, քանի որ առողջությունը կտրուկ վատացել էր` շաքարային դիաբետի ցուցանիշի բարձրացումով: Վատացումը ես արտառոց չէի համարի, որովհետև 6 ամիս գտնվել է փակ տարածքում` խցում, և մեքենայով բերելը, մանավանդ, ծանր հիվանդին, պետք է հանգեցներ այս վատացմանը»,- ասաց Մկրտչյանը:
Պաշտպանը նաև հայտնեց, որ Մանվել Գրիգորյանին 20 միլիոն դրամի չափով գրավի դիմաց ազատ արձակման միջնորդություն է ներկայացրել:
Հարցին` թե ինչպես է նա այդ գումարը պատրաստվում ներկայացնել, եթե ամբողջ գույքը գտնվում է կալանքի տակ, պաշտպանը պատասխանեց, որ նա ազատամարտիկ է և ունի ընկերներ, ովքեր պատրաստ են տալու այդ գումարը: