Գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել առաջին ատյանի դատարան։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Նա նշեց, որ պարբերաբար ներկայացնելու են միջնորդություններ․ «Քանի որ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանափակումներ չի մտցրել այդ հարցում, մենք անընդհատ օգտվելու ենք այդ իրավունքից: Պարբերաբար ներկայացնելու ենք միջնորդություններ, քրեադատավարական օրենքի շրջանակներում, որպեսզի մեր պաշտպանյալի պաշտպանությունն իրականացնենք պատշաճ կերպով։ Դա ներառում է համապատասխան միջնորդություններ և՛ դատարան, և՛ դատախազություն, ինչպես նաև միջնորդություններ են ներկայացվել քրեակատարողական վարչություն, Մարդու իրավունքների պաշտպանին»,- ասաց Մկրտչյանը՝ նշելով, որ կալանավորման որոշումը անօրինական է և գտվելու են բոլոր թույլատրելի միջոցներից, որպեսզի պատշաճ պաշտպանությունը իրականացնեն:
Մկրտչյանը նշեց՝ բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան Վերաքննիչ դատարանի որոշումից հետո և այստեղ որևէ արդյունքի չհասնելու դեպքում, պատրաստվում են դիմել նաև ՄԻԵԴ։
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալի առողջական վիճակը ավելի է վատացել, քան նախկինում էր:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։
Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր 2018-ի հունիսից, երբ ԱԱԾ-ն ցուցադրեց իրեն պատկանող առանձնատներում պահվող մեծաքանակ զենք-զինամթերքը, զինվորական հանդերձանքը, սնունդը, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակ ուղարկված օգնություն։
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: