Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի կատարած «հին հանցագործությունների» մասին նոր բացահայտումները արդյոք կգրավե՞ն իրավապահ մարմինների ուշադրությունը: Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հարցազրույցները՝ սպանության փորձերի, թույլ տված չարաշահումների եւ այլնի վերաբերյալ ՀՀ իրավապահ մարմինները կընդունե՞ն որպես հանցագործության մասին հաղորդում եւ ինչպե՞ս ու ի՞նչ ընթացք կտան:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀՀ դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց. «Այդօրինակ հարցերով դիմել պատկան իրավապահ մարմիններին: Դատախազությունը նախաքննություն իրականացնող մարմին չէ, մենք հսկողություն ենք իրականացնում այդօրինակ մարմինների գործունեության օրինականության նկատմամբ: Բոլոր տեսակի հանցագործությունների գրանցման, զբաղվել են, չեն զբաղվել, կամ այդօրինակ հրապարակումների ընթացք տալու վերաբերյալ հարկ է դիմել ոստիկանության լրատվական ծառայությանը»:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից ԳԱԼԱ-ին փոխանցեցին, որ լրատվության միջոցների այդ հրապարակումները հայտնվել են ոստիկանության ուշադրության կենտրոնում եւ առայժմ ուսումնասիրվում են:
«Բոլոր այդ հրապարակումները ուսումնասիրվում են ոստիկանության կողմից»,-փոխանցեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:
Հարցին, թե դրանք կընդունվե՞ն որպես հանցագործության մասին հաղորդում եւ արդյոք գործեր կնախապատրաստվեն, Զարզանդ Գաբրիելյանը ասաց. «Առայժմ ուսումնասիրվում են, ուսումնասիրման ավարտից հետո պարզ կլինի»:
Հիշեցնենք, որ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Առավոտի հետ զրույցում պատմել է. «Սուրիկ Խաչատրյանը սպանելու նպատակով կրակել է Օրհնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի, ինչպես գորիսեցիներն էին ասում, Սուրիկ Խաչատրյանի սիրուհի Ա. Մ.-ի վրա: Պատճառն այն էր, որ Ա. Մ.-ն, Գորիսում տարածված լուրերի համաձայն, Սուրիկ Խաչատրյանին հայտնել էր, որ իրենից հղի է և երեխայի է սպասում»: Գորիսի նախկին քաղաքապետը պատմել է նաև, թե ինչպես, ինչ ճանապարհով և ինչ միջոցներով է Սուրեն Խաչատրյանը կառուցել իր առանձնատունը: