“Իրանց դեմ ծուղակ էին սարքել: Միայն իրանց դեմ չէր կարում խոսեր մարզպետը: Ծուղակ էր սարքել, որ տաներ, վերացներ”,- Henaran.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից սպանված գործարար Ավետիք Բուդաղյանի կինը՝ Անահիտը: Վերջինիս խոսքով, Սուրիկ Խաչատրյանը ՛՛միշտ նախանձում էր Բուդաղյան եղբայրներին՛՛:
Անահիտի պատմելով, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը զանգում է Ավոյին, ասում, որ գործուղման է գալիս Հայաստան: Բակո Սահակյանի հետ գնում են Կապան, Քաջարան, հետո Տաթեւ: “Այդտեղ հաց կերան, ճանապարհեցին պատվիրակությանը, մնացին քիչ մարդկանցով:
Հենց ըտեղ Բակո Սահակյանը Ավոյին լիքը գովում, մեծարում է: Ըտեղ Սուրիկին խեղդեց նախանձը: Ավոն բարձունքների հասավ իր գործունեությամբ, Սուրիկը իր հանցագործություններով՝ չկարացավ տանել գովեստը”,-պատմում է Անահիտը:
Նա տեսել է համացանցում տեղադրված ողբերգական միջադեպի տեսագրությունը: Չի հասկանում, եթե որակում են զինված հարձակում, ապա ի՞նչու պիտի Ավոն ու Արտակը միայն երկուսով գնային: “Նման նպատակ եթե ունենային, եթե զինված հարձակում էր, դժվար չէր՝ կզանգեին մի 50 մարդ կգար զինված ”,- հուզվում է Անահիտը՝ ավելացնելով, որ ՛՛թիկունքից կրակողը հավանաբար Սուրիկն է եղել՛՛:
Բուդաղյանների մայրը՝ տիկին Ալլան էլ զարմանում է՝ ''էդքան մարդ հավաքվեց, էդքան աղմուկ-աղաղակ, ու ինքը քնա՞ծ:
՛՛Կարող ա՞ ձեր տուն մարդ ա գալիս, դուք պատրաստվում եք զենքով դիմավորեք: Իսկ իրանք արդեն պատրաստ էին: Արտակի ձեռքին եղածը որսորդական է եղել, փամփուշտ էլ չի եղել մեջը՛՛,-ասում է Ալլա Բուդաղյանը: Անահիտի խոսքով, Ավոն տեսնելով, որ եղբայրը ընկած է, ու իրեն էլ են կրակում, շարունակում է վազել առաջ:
“Հետո էտ հինգ հոգին փախան: Ավոն գնաց եղբորը օգներ, էտ կեղտոտները հետեւից կրակեցին: Էլի տղամարդկություն չուներ”,-լացակումած ասում է Անահիտը:
Տիկին Ալլայի խոսքով, միշտ հակասություն եղել է իր որդինների եւ Խաչատրյանի միջեւ: Մոր խոսքերով՝ նաեւ պատճառը կրթությունն է: “Ախր մարդ պիտի սովորած լինի, որ մի քիչ էլ հասկանա, թե չէ մարդ սպանելով, մարդկանց վախեցնելով՝ առաջ չես գնա”,-պատմում է մայրը:
“Էդպիսի հավաքույթ չի եղել, որ առաջինը չխմեն պետության, հիմն-դրոշի, նախագահի կենացը: Ու հիմա պետությունը ի՞նչ է անելու, գոնե կպատժի՞”,- հարցնում է Անահիտը:
Չեն հետեւում նախաքննությանը: “Յանի էս երկրում արդարություն կլինի՞, թե՞ սա էլ կփակվի”,-ասում է որդեկորույս մայրը՝ գրկելով Ավետիք Բուդաղյանի երկուամյա աղջկան՝ Անդրեաին:
Անդրեան հաճախ նայում է հոր նկարին, ցույց տալիս ու ասում՝ պապա: