www.aravot.am Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ նրա թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնում են եւ կալանքից նրանց ազատում: ՀՀ պետական իշխանության այդ որոշումից հետո Գորիսի՝ 1992-94 թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն իր պարտքն է համարում այսօրվանից սկսած պարզապես մերկացնել իր խոսքերով՝ «տխրահռչակ Լիսկայի արտասովոր ոճրագործ ընթացքը եւ այդ ուղղությամբ ՀՀ բարձրագույն իշխանավորների, իրավական համակարգի ղեկավարների ոչ միայն հանցավոր անգործությունը, այլեւ ուղղակի մեղսակցությունը»: Պարոն Հարությունյանն


Aravot.am-ի հետ զրույցում սկսում է բացահայտումների նոր շարք՝ կապված Սուրիկ Խաչատրյանի «հանցավոր» մանկության, պատանեկության եւ առհասարակ կենսագրության հետ. «Այսօրվանից սկսում եմ մեր ժամանակի հակահերոս Լիսկայի կենսագրության դրվագների հրապարակումների շարքը, որոնցում ավելի մանրամասն ներկայացնելու եմ նրա ոչ միայն հանրահայտ հանցագործությունները, այլեւ դեռեւս անհայտ այլ ոճիրները: Այսպես, Սուրիկ Խաչատրյանը ծնվել է 1956-ին՝ Գորիսի «Ավանգարդ» կոլտնտեսության անասնապահի ընտանիքում: Մի քանի տարի ծայրահեղ առաջադիմությամբ ուսանել է Գորիսի 8-ամյա, ապա թիվ 3 միջնակարգ դպրոցում:

 

Մանկուց նկատելի առանձնակի ճարպկությունը ծնողները ծառայեցրել են հանրային կաթնամթերքի ամենօրյա գողությանը, ինչը իրենց ձիուն բարձած՝ սար ու ձորերով տեղափոխում էր տուն: Այնպես որ, 10 տարեկանից նա եղել է հակախորհրդային «պայքարի» առաջամարտիկ: Հայրս՝ «Ավանգարդ» սովխոզի գյուղատնտես, կուսակցական կոմիտեի քարտուղար Վաղարշակ Հարությունյանը հաճախ էր իր վրդովմունքն արտահայտում այդ տհաճ երեւույթի առթիվ, անգամ Սուրիկի ծնողների հետ ունեցել է ֆիզիկական բախումներ: Դեռ 16-ը չբոլորած՝ 1972-ին, Սուրիկ Խաչատրյանը թալանում է դպրոցի բուֆետը, ինչի համար ձերբակալվում, դատապարտվում, ազատազրկվում եւ պատիժը կրում է անչափահասների գաղութում: Այդ հանցանքի համար հեռացվել է դպրոցից: Կալանավայրում էլ վաստակել է Լիսկա (ամենախորամանկ աղվես) մականունը: Պատիժը կրելուց հետո ծառայել է Խորհրդային բանակում, այնուհետեւ աշխատանքի է անցել Գորիսի ավտոնորոգման գործարանում՝ իբրեւ ավտոմեխանիկի աշակերտ:

 

Որոշ ժամանակ անց պողպատյա ճոպանով (տռոսով) հարվածել է Գորիսում կրթություն ստացող արցախցի Կարմեն Առուստամյանին, թափել նրա աչքը եւ զրկել մեկ աչքի տեսողությունից: Չարամիտ խուլիգանության մեղադրանքով դատապարտվում եւ ազատազրկվում է երկրորդ անգամ: Պատիժը կրել է մի քանի կալանավայրերում: Չարամիտ խուլիգանության մեղադրանքով դատապարտվել եւ ազատազրկվել է եւս մեկ անգամ: Կարճ ժամկետում վաստակել է արյունարբուի համբավ: Գորիսում բնակվում են մարդիկ, որոնց դեմքերին մինչ այսօր էլ արտահայտված են Լիսկայի ածելիի եւ այլ գործիքների առաջացրած վերքերի ընդգծված սպիները»: Շարունակությունը՝ հաջորդիվ:

 

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ