Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը Սուրեն Խաչատրյանի տան մոտ հայտնաբերված գնդակի հետքերի կրկնակի փորձաքննություն նշանակելու վերաբերյալ բավարարվել է: ԳԱԼԱ-ն փաստաբանից փորձել է ճշտել, թե որոնք են եղել հիմքերը, որ վերջինս կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն է տեսել, սակայն փաստաբանը նշեց, որ չի կարող պատասխանել հարցին, քանի որ դրանով կբացահայտի նախաքննական գաղտնիք: Ու քանի որ փաստաբանը չի կարող ասել, թե ինչ է նշված եղել փորձաքննության արդյունքներում, չի կարող նաև դրանցում առկա հակասություններին անդրադառնալ: «Պարզապես կարող եմ ասել, որ փորձագետի եզրակացությունը շատ կասկածելի էր, ուստի միջնորդել ենք կրկնակի փորձաքննություն նշանակել, որը քննիչի կողմից բավարարվել է: Միջնորդել ենք նաև, որպեսզի ես ներկա գտնվեմ կրկնակի փորձաքննության կատարմանը, որը նույնպես բավարարվել է»,- նշում է փաստաբանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Հայկ Ալումյանը, և թե՛ Սուրեն Խաչատրյանի որդու փաստաբան Ռուբեն Սահակյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում դժգոհություն էին հայտնել դեպքի վայրը զննած քննիչի գործողություններից, Ալումյանից փորձեցին ճշտել, թե որքանով վերջինիս կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդությունը կապ ունի դեպքի վայրը զննած քննիչի գործողությունների հետ: Պարոն Ալումյանը պատասխանում է, որ չի բացառում, որ քննիչի կողմից դեպքի վայրը զննելուց հետո' մինչ փորձաքննություն կատարելը, դեպքի վայրի նշված հատվածում փոփոխություններ տեղի ունեցած լինեն: «Այ այդտեղ ես շատ կասկածելի բաներ եմ տեսնում և չեմ բացառում, որ քննիչի կողմից դեպքի վայրում որոշակի փոփոխություններ կատարված լինեին»,- կասկած է հայտնում փաստաբանն ու հավելում, որ իր միջնորդության հիմքերից մեկն էլ այն է, որ դա կարող է պարզվել:
Արաքս Մամուլյան