«Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կատարվել են մի շարք փոփոխություններ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։
«Նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերեն լեզվից, հնարավոր դարձնել նաև անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և արաբերեն լեզուներով։
Ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը. 10 հարցի փոխարեն սահմանելով 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն սահմանվել է 30 րոպե։
Գործնական վարման հմտության ստուգման համար նախատեսված տրանսպորտային միջոցները պետք է կահավորվեն տեսաձայնագրող և տեսանյութի արխիվացման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով։
Նախատեսվում է տրամադրել «AM» վարորդական իրավունքի վկայական՝ մոպեդ վարելու համար։
Նախատեսվել է գործնական քննությունների ընդունումը՝
«A» կարգի, «AM», «A1» և «B1» ենթակարգերի դեպքում ընդունել միայն ավտոդրոմներում կամ ավտոհրապարակներում, իսկ դրանց բացակայության դեպքում մինչև 2027 թվականը՝ իրական պայմաններում, այսինքն՝ հանրապետության ավտոճանապարհներին կամ փողոցներում։
«B» կարգի դեպքում' միայն իրական պայմաններում։
«C», «D», «BE», «CE» և «DE» կարգերի ու «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի դեպքում՝ իրականացնել և´ ավտոդրոմներում ու ավտոհրապարակներում, և´ երթևեկության իրական պայմաններում, իսկ մինչև 2027 թվականը ավտոդրոմ կամ ավտոհրապարակ չունեցող քննական մարմիններում՝ միայն իրական պայմաններում։
Որակավորման գործնական քննություններ ընդունող քննական մարմնի աշխատակիցները երկու տարին մեկ անգամ՝ 4 օր, և հինգ տարին մեկ անգամ՝ 5 օր տևողությամբ կանցնեն համապատասխան վերապատրաստումներ։ Նշված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 6 ամիս անց»,- ասված է ոստիկանության տարածած հաղորադագրության մեջ: