Հոկտեմբերի 20-ին Նոր-Նորքում, աղբանոցի վերածված վայրում, կառուցված ավտոտնակները քաղաքապետարանը հողին հավասարեցրեց: ԼՈՒՐԵՐ.com-ին է ահազանգել այդ ավտոտնակներից մեկի սեփականատերը՝ Ժաննա Դիլարյանը, որը պատմել է, թե կարմիրբերետավորները ինչպես են բռնի ուժ կիրառել բնակիչների, այդ թվում նաև երեխաների հանդեպ:
«Այն տարածքը, որտեղ ավտոտնակները կառուցել ենք, ժամանակին ծառայել է որպես աղբանոց: Աղբատեղին մաքրեցինք ու փոխարենը ավտոտնակ կառուցեցինք: Ոչ մի բնակիչ դեմ չէր մեր այդ որոշմանը: Ապամոնտաժման օրը ես չէի պատկերացնի, որ այդքան մարդ մեզ հետ հավասար ոտքի կկանգնի ոստիկանների դեմ: Իրենց գալը շատ հանկարծակի եղավ. եկան հենց երեկոյան և պատրաստված: Հարևաններից մեկը վախեցած եկավ ասաց, որ բակ է մտել տրակտոր, շտապօգնության մեքենա և ոստիկանների մի զորք »,- պատմում է քաղաքացին:
Նա ասաց, որ ոստիկաններից խնդրել է՝ ավտոտնակները ապամոնտաժելու որոշումը իրենց ցույց տան և տրամադրել 2 օր ժամանակ, քանի որ ինչպես մեր զրուցակիցն է պնդում, այդ ավտոտնակների վրա ահռելի գումար է ծախսել. «Ես չէի թողնում, որ քանդեն էդ ավտոտնակները, խնդրեցի 2 օր ժամանակ՝ եթե դրանք քանդելու են, թողնեն ես քանդեմ, քանի որ ես գումար եմ ծախսել. միայն դարպասներից ամեն մեկը արժեր 600 հազար դրամ, ինձ պատասխանեցին, որ ես չունեմ այդ ժամանակը»,- ասաց Ժաննա Դիլարյանը:
Վերջինս նշում է, որ սրտնեղած է ոչ թե նրանից, որ իրենց արդար քրտինքով կառուցած ավտոտնակը քանդել են, այլ ոստիկանների ոչ մարդկային վերաբերմունքից. «Իրենք կարող էին էլի քանդել ավտոտնակը, բայց այն ինչն արեցին այդ օրը ոչ մարդկային էր: Այնքան են մեզ հիասթափեցրել, որ միայն երկրից փախչելը կօգնի: Կարմիրբերետավորները այնպես են հարվածել ձեռքիս, որ 2 օր է՝ չեմ կարողանում այն շարժել: Իրենք ինձ հրեցին, գցեցին գետնին, այնուհետև ամուսնուս ընկերոջը ծեծելով տարան ավտոմեքենա, որտեղ նորից շարունակում էին հարվածել էդ խեղճ տղուն: Այնքան էին ծեծել, որ ամբողջ աչքը ուռել և կապտել էր: Ես այդ ավտոմեքենայի դիմացը փակել էի, թույլ չէի տալիս, որ ամուսնուս ընկերոջը տանեն բաժին, ու կարմիրբերետավորներից մեկը ասում է՝ մի կանգնի մեքենան քշի: Իրենք պատրաստ էին անգամ իմ վրայով անցնել, ես և ամուսնուս ընկերոջ կինը ուշագնաց եղանք, բայց իրենք ոչնչից չէին սաստվում: Անգամ երեխաներին էին քաշքշում, իրենց պահվածքը մարդուն բնորոշ չէր»,- հուզված պատմում է նա:
Ըստ մեր զրուցակցի՝ թույլտվության թուղթը իրենց ցույց տվեցին միայն ժամեր անց, իսկ մինչ այդ ոստիկանները ավտոտնակի սեփականատիրոջը հղում էին տալիս կայքին. «Ինձ ասում են՝ մտեք կայք, նայե՛ք, այնտեղ կա: Ասում եմ ես եմ չունեմ ինտերնետ, ո՞նց նայեմ: 2 ժամ հետո ինչ-որ մի թուղթ բերին, իբրև թե թույլտվության որոշումն է, բայց նորից մեզ չտվեցին այն, աչքի տակով նայեցինք և թաքցրին այն: Այսօր ամուսինս ասում է՝ այդ թուղթը օրինական չէր, քանի որ կնիքի վրա կամ կողքը չկար որևէ ստորագրություն»,- նշեց Ժաննա Դիլարյանը:
Ավտոտնակի սեփականատերը խոսեց նաև այդ օրվանից հետո իր երեխաների մոտ առաջացած հոգեբանական խնդիրներից. «Երեխաներս այդ օրվանից հետո շատ են փոխվել, խելոքացել են, խեղճացել են: Ինձ ասում են՝ մամա՛, որ մենք չարություն անենք, էդ ոստիկանները կգան ձեզ կծեծե՞ն: Այսինքն՝ ոստիկանները հոգեբանորեն ազդել են երեխաներիս վրա: Իրենք մտածում են, որ մարդկանց կարան ուժով ստորացնեն»,- ասաց նա:
Ժաննա Դիլարյանն ընդգծեց, որ չնայած նրան, որ իրենց ավատոտնակը արդեն հողին է հավասարացված, միևնույն է շարունակելու է այդ խնդրից այնքան խոսել, մինչև քաղաքապետը ուշադրություն դարձնի, թե ինչպես են կարմիրբերետավորները իրականացնում ապամոնտաժման աշխատանքները:
Զվարթ Պետրոսյան