Հունվարի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Մամիկոն Խոջոյանը հայտնվել էր Ադրբեջանի տարածքում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 1937թ. նոյեմբերի 29-ին ծնված Մամիկոն Խոջոյանը արդեն 3 տարի հաշվառված է որպես հոգեկան հիվանդ: Նա ունի 3 տղա, 3 աղջիկ, Վերին Կարմիրաղբյուրում ապրում է տղաներից մեկի և նրա կնոջ հետ:
Ադրբեջանի ՊՆ-ն շտապել էր նրան որպես դիվերսանտի ներկայացնել, որոշ լրատվականներ էլ անգամ գրեցին, որ նրա մոտ հայտնաբերվել է զենք:
Այժմ էլ ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը հարցազրույց է ունեցել Մամիկոն Խոջոյանի հետ:
Տեսանյութում Մամիկոնը պատմում է, որ Հայաստանում ունեցել է երկու մեծ այգի ու մեքենա:
Խոսելով կոտրած ձեռքի մասին՝ Կարմիրաղբյուրի բնակիչն ասել է, թե ինքը իրեն անհամեմատ ավելի լավ է զգում և ձեռքն արդեն լավանում է: