Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր' Նարինե Հովակիմյան) արդարացրել է 39-ամյա Աստղիկ Վարշավչիկին, ով մեղադրվել էր ընկերուհուն պոռնկության մեջ ներգրավելու համար:

 

Նախաքննական մարմինը Վարշավչիկին մեղադրանք էր առաջադրել առ այն, որ նա 2012թ-ի դեկտեմբերից 2013թ-ի հունվարն ընկած ժամանակահատվածում ընկերուհուն' Շուշանիկ Հովհաննիսյանին, իր հետ տարել էր մարմնավաճառության, այս եղանակով պարբերաբար նպաստելով նրա կողմից պոռնկությամբ զբաղվելուն: Սակայն դատարանը, Աստղիկ Վարշավչիկի արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել և հռչակել է անմեղ' վերացնելով խափանման միջոց ընտրված' չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Դատարանը, վերլուծելով և գնահատելով սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցները, տիկնոջն արդարացնելու համար հիմք է ընդունել նախաքնական մարմնի կողմից ձեռք բերված ոչ բավարար ապացույցները' Աստղիկ Վարշավչիկին առաջադրված մեղադրանքը հաստատված համարելու համար: Նա գտել է, որ նախաքննական մարմնի կողմից Աստղիկին առաջադրված մեղադրանքը գործով ձեռք բերված փոխկապակցված հավաստի և բավարար ապացույցներով չի հիմնավորվել, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում վերջինիս պետք է ճանաչել և հռչակել անմեղ:

 

Նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը դատարանի համար հիմնավորված չի եղել.

 

Նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքը դատարանն արժանահավատ չի համարել հատկապես այն բանի համար, որ դրա հիմքում' որպես ապացույց, դրվել է ընդամենը մի վկայի' տուժող Շուշանիկ Հովհաննիսյանի ցուցմունքը, ինչը հետագայում հակասել է դատաքննության ընթացքում տված ցուցմունքին: Սակայն նախաքննական մարմինն առավելությունը տվել է վկայի ցուցմունքին' անտեսելով ամբաստանյալինը:

 

Ինչպես արդեն նշեցինք, դատաքննության ընթացքում նույն վկան' տուժող Շուշանիկ Հովհաննիսյանը, նախաքննական ցուցմունքներից բովանդակային առումով էապես տարբերվող ցուցմունքներ է տվել, որով ամբողջովին հերքվել է Աստղիկ Վարշավչիկին' ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը:

 

Շուշանիկ Հովհաննիսյանը դատարանում տված իր ցուցմունքում նշել է, որ ինքն ու Աստղիկը տևական ժամանակ զբաղվել են մարմնավաճառությամբ: Որպես կանոն, հաճախորդները զանգահարել են իրենց, պայմանավորվել հանդիպման վայրի մասին, որից հետո իրենց մատուցած սեռական բնույթի ծառայության դիմաց նրանցից ստացել որոշակի գումար: Եղել են դեպքեր, երբ Աստղիկը իրեն զանգահարել է և ինչ-որ տեղ է հրավիրել: Ինքը գնացել է, որից հետո ստացած գումարի մի մասը կամավոր տվել է Աստղիկին որպեսզի իր պարտքը մաս-մաս մարի: Աստղիկն իրեն ոչինչ չի ստիպել և իր հասանելիք գումարից երբևէ չի վերցրել: Եթե անգամ Աստղիկն իր հետ չկանչեր մարմնավաճառության, ապա ինքը միայնակ էր գնալու և գնում էր, քանի որ դա իր ապրուստի միակ միջոցն էր. այդ ձևով էր գումար աշխատում: Ստացած գումարի մի մասը կամ մեքենայի մեջ տունդարձին, կամ տանը, տվել է Աստղիկին' որպես մուշտակի գումարի մի մասի մարում: Եղել են նաև դեպքեր, երբ Աստղիկի ծանոթ տղամարդկանց հրավերով գնացել են մարմնավաճառության, սակայն այդ օրը իր աշխատած գումարից Աստղիկին որևէ գումար չի տվել մուշտակի համար, քանի որ այդ պահին իրեն փող է պետք եղել այլ նպատակների համար: Իսկ Աստղիկը ոչինչ չի ասել: Շուշանիկը վստահեցրել է, որ ընկերուհին իրեն երբեք չի պարտադրել սեռական բնույթի ծառայությունների դիմաց վաստակած գումարի մի մասը վճարել որպես պարտքի մարում: Եթե նույնիսկ նա գումարն ուշացրել է, ընկերուհին նրան չի ստիպել վճարել:

 

Շուշանիկը պատմել է, թե ինչպես իր ծանոթ հաճախորդները նույնպես երբեմն զանգահարել են իրեն, ասել, որ երկուսով են, ինքն էլ զանգահարել է Աստղիկին, առաջարկել իր հետ գնալ: Վերջինս համաձայնվել է, և երկուսով գնացել են: Մատուցած ծառայությունների համար իրենց վճարել են առանձին-առանձին' 10-20 հազար դրամ:

 

Նախաքննական ցուցմունքում, սակայն, Աստղիկը պատմել էր, որ շուրջ 10 տարի զբաղվում է մարմնավաճառությամբ և գրեթե նույնքան ժամանակ էլ ճանաչում է Աստղիկ Վարշավչիկին, ով նույնպես զբաղվում էր մարմնավաճառությամբ: Երբեմն միասին են գնացել մարմնավաճառության և սկսել մտերմանալ: Շուշանիկի խոսքերով' 2012թ-ի նոյեմբերից 2013թ-ի մարտը վարձակալական հիմունքներով բնակվել է Աստղիկի բնակարանում' յուրաքանչյուր ամիս վճարելով 20 հազար դրամ: 2013թ-ի նոյեմբերին ապառիկ կարգով Աստղիկից գնել է նրա 200 հազար դրամ արժողության ձմեռային մուշտակը և խոստացել յուրաքանչյուր ամիս վճարել 40-50 հազար դրամ: Սակայն նշված ժամանակահատվածում չի կարողացել վճարել մուշտակի գումարը: Աստղիկը տեսել է, որ ինքը չի կարողանում վճարել պայմանավորվածության համաձայն առաջարկել Է իր հետ գնալ և զբաղվել մարմնավաճառությամբ' այդ կերպ մարելով պարտքը: Աստղիկը նախօրոք պայման է դրել, որ իր կողմից մատուցվող սեռական ծառայության դիմաց վճարվելիք գումարի մի մասը վերցնելու է իրեն, որպեսզի այդ տարբերակով մարվի վաճառված մուշտակի գումարը: Ինքն էլ համաձայնվել է պայմանին և երկու ամիս պարբերաբար Վանաձոր քաղաքի տարբեր շոգեբաղնիքներում իրեն անծանոթ տղամարդկանց հետ ունեցել է սեռական հարաբերություններ: Այնուհետև Աստղիկը տղամարդկանցից վերցրել է իր մատուցած սեռական ծառայությունների դիմաց վճարված գումարը, դրա մի մասը տվել է իրեն, իսկ մյուս մասը պահել ' որպես մուշտակի գումար:

 

Նախաքննական և դատաքննական ցուցմունքների մեջ նկատելի հակասությունները Շուշանիկը բացատրում է նրանով, որ կատարվածի մասին ինքն իր բառերով քննիչին պատմել է այնպես, ինչպես դատարանում, սակայն քննիչն իրեն թելադրել է, որ գրական բառերով գրի, ինքն էլ գրել է: Արդյունքում ստացվել են հակասական ցուցմունքներ:

 

Առաջարկել է զբաղվել մարմնավաճառությամբ, սակայն երբեք չի ստիպել.

 

Դատաքննության ժամանակ Աստղիկ Վարշավչիկը պնդել է նախաքննական ցուցմունքները և հայտնել, որ Շուշանիկին ճանաչում է շուրջ 8 տարի: Նրա հետ ծանոթանալուց հետո գրեթե 1 տարի զբաղվել է մարմնավաճառությամբ, որից հետո ընկեր է ունեցել և դադարել դրանով զբաղվել: 2013թ-ի նոյեմբերին իր ընկերն ամուսնացել է, իսկ ինքը եկամտի այլ աղբյուր չունենալու պատճառով և ընտանիքը պահելու նպատակով կրկին սկսել է զբաղվել մարմնավաճառությամբ: Այդ ամբողջ տարիների ընթացքում, սակայն, ինքը Շուշանիկի հետ կապը և մտերմությունը միշտ պահպանել է: Մոր հետ ընտանեկան խնդիրներ ունենալու պատճառով Շուշանիկը 2013թ-ի հունվարից բնակվել է իր մոր մեկ սենյականոց առանձին բնակարանում և դրա դիմաց ամիսը 20 հազար դրամ վճարել իր մորը, քանի որ այդ բնակարանի սեփականատերը եղել է մայրը: Այդ գումարից վճարել են կոմունալ վարձավճարները: 2013թ-ի մարտին ինքը և մայրը որոշել են վերը նշված մեկ սենյականոց բնակարանը վաճառել, դրա մասին տեղեկացրել են Շուշանիկին և խնդրել բնակարանն ազատել:

 

2012թ-ի նոյեմբեր ամսին, մի քանի անգամ Շուշանիկի խնդրանքով իր մուշտակը տվել է նրան հագնելու: 2013թ-ի հունվարին Շուշանիկը հիվանդացել է և քանի որ վերարկու չի ունեցել, ընկերուհուց խնդրել է վերջինիս մուշտակը: Աստղիկը չի մերժել և ժամանակավոր տվել է նրան: Մի օր էլ առաջարկել է այն վաճառել իրեն: Շուշանիկի նյութական վիճակին տեղյակ լինելով' Աստղիկը հրաժարվել է և հետագայում նշել, որ այն վաճառելու մտադրություն չունի, քանի որ դա իրեն նվիրել է իր ընկերը: Սակայն, ի վերջո, Շուշանիկն իրեն համոզել է' ասելով, որ միևնույնն է, ինքն այն չի հագնում, քանի որ վրան մեծ է: Շուշանիկը մուշտակը վերցրել է և խոստացել, որ մաս-մաս, իր հնարավորությունների սահմաններում գումարը կվճարի, ինքն էլ համաձայնվել է: Սակայն երբևէ նրան չի պարտադրել' գումարը շտապ վճարել, միշտ թողել է ընկերուհու հայեցողությանը:

 

Դրանից հետո եղել են դեպքեր, որ միասին քաղաքից դուրս են գնացել, զբաղվել մարմնավաճառությամբ, սակայն իրենց վճարել են առանձին-առանձին, յուրաքանչյուրին իրենց հասանելիք գումարը: Ինքը երբևէ չի պահանջել, որ նա այդ գումարից տա մուշտակի գումարը: Անգամ եղել են դեպքեր, որ հաճախորդները ընդհանուր վճարել են իրեն, իսկ ինքը բոլորի ներկայությամբ, կամ մեքենայում, կամ տուն գնալիս այդ գումարը բաժանել է երկուսի միջև: Շուշանիկը մուշտակի դիմաց իրեն մաս-մաս վճարել է ընդամենը 80 հազար դրամ, ինքն էլ առաջարկել է, որ եթե չկարողանա մուշտակի գինն ամբողջությամբ վճարել, կարող է ետ վերադարձնել այն և ստանալ մինչ այդ վճարած գումարը:
Նախաքննության ընթացքում տրված ցուցմունքում ևս Աստղիկ Վարշավչիկն իրեն մեղավոր չի ճանաչել և պատմել է, որ բնակվում է հաշմանդամ մոր և երկու երեխաների հետ: Հիմնական աշխատանք չունի և իր խնամքի տակ մնացած հարազատների կարիքները հոգալու համար 2012թ-ից սկսել է զբաղվել մարմնավաճառությամբ:

 

Աստղիկ Վարշավչիկին առաջադրված մեղադրանքը.

 

Նախաքննական մարմինը ամբաստանյալ Աստղիկ Վարշավչիկին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով հետևյալ արարքը կատարելու համար.

 

2012թ-ի նոյեմբեր ամսին Աստղիկ Վարշավչիկին է դիմել նրա ծանոթ, համաքաղաքացի Շուշանիկ Հովհաննիսյանը և առաջարկել իրեն ապառիկ կարգով վաճառել նրա ձմեռային մուշտակը: Աստղիկը համաձայնվել է, ընդունել է Շուշանիկի առաջարկը և իր մուշտակը, որը գնահատել է 200 հազար դրամ, ապառիկ կարգով, յուրաքանչյուր ամիս 40-50 հազար դրամ տալու պայմանով, վաճառել է վերջինիս: Սակայն նա առաջին իսկ ամսից չի կարողացել վճարել նախապես պայմանավորված գումարը, իսկ Աստղիկն էլ, օգտվելով Շուշանիկ Հովհաննիսյանի ֆինասական ծանր պայմաններից, առաջարկել է իր մատնանշած տղամարդկանց հետ որոշակի գումարի դիմաց ունենալ սեռական հարաբերություն և ստացած գումարի մի մասը պարտքը մարելու համար պահել իրեն:

 

Շուշանիկը համաձայնել է, Աստղիկն էլ սկսել է գործել. ամեն անգամ որոշակի գումարի դիմաց տարբեր տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունենալու պայմանավորվածություն է ձեռք բերել և ընկերուհուն շուրջ երկու ամիս պարբերաբար իր հետ տարել Վանաձոր քաղաքում գործող տարբեր շոգեբաղնիքներ: Այնտեղ էլ Շուշանիկ Հովհաննիսյանը սեռական հարաբերություններ է ունեցել Աստղիկ Վարշավչիկի մատնանշած և իրեն անծանոթ տղամարդկանց հետ: Այնուհետև, Աստղիկը անձամբ այդ տղամարդկանցից վերցրել է Շուշանիկի մատուցած սեռական ծառայությունների դիմաց վճարված գումարը, դրա մի մասը տվել Շուշանիկ Հովհաննիսյանին, իսկ մյուս մասը նախնական պայմանավորվածության համաձայն, որպես պարտքի գումար, պահել իրեն և այդ կերպ նպաստել Շուշանիկ Հովհաննիսյանի կողմից պոռնկությամբ զբաղվելուն: