ՀՀ ոստիկանությունը Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ' համագործակցելով Վրաստանի իրավապահների հետ, հունվարի 31-ին Թբիլիսիում հայտնաբերել և բռնել է Աշոտ Սուքիասյանին: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

 

«Ներկայումս որոշվում է նրան էքստրադիցիայի ենթարկելու հարցը: Հիշեցնենք, որ դեռևս 2013 թ. հունիսի 17-ից նա նախաքննական մարմնի որոշմամբ գնվում էր հետախուզման մեջ», - ասաց Արմեն Մալխասյանը:

 

Հիշեցնենք, որ «Հետք»-ը հրապարակել էր հոդված, ըստ որի Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը (տես ներքևում): Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:

 

Սուքիասյանը հանդես էր եկել նամակով, որում նշել էր. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը՝ WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»:

 

Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել էր հետախուզում: