Իրանի նախագահ Հասան Ռոհանիի գնահատմամբ'այսօր Սիրիայի գլխավոր խնդիրը ոչ թե երկրի նախագահ Բաշար ալ Ասադն է, այլ երկրում շարունակվող քաղաքացիական պատերազմը: Ինչպես տեղեկացնում է Euronews հեռուստաընկերությունը, Ռոհանին նշել է, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները ահաբեկչական խմբավորումների գործունեության հետեւանք են, և դրանք վտանգավոր են ամբողջ տարա ծաշրջանի համար: Ռոհանին զգուշացրել է, որ վտանգից չեն խուսափի նաեւ այն երկրները, ովքեր այսօր աջակցում են ահաբեկչական խմբավորումներին:

 

«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի չեզոքացնենք ահաբեկչությունը: Պետք է ջանք գործադրենք, որպեսզի վերջ տանք քաղաքացիական պատերազմին Սիրիայում: Սիրիայի ապագան պատկանում է սիրիացի ժողովրդին: Ինչպիսին էլ լինի նրանց որոշումը, մենք այն պետք է հարգենք»,- հայտարարել է Ռոհանին' հավելելով, որ Սիրիայում պետք է անվտանգ միջավայր ստեղծել, որպեսզի սիրիացի ժողովուրդը կարողանա ազատորեն արտահայտել իր կարծիքը:

 

Անդրադառնալով Իրանում տեղի ունեցող փոփոխություններին' Ռոհանին շեշտել է, որ փոփոխությանը նպաստել է Իրանի ժողովուրդը: «Կառավարությունն աշխատում է փոփոխությունների այն մթնոլորտում, որն ստեղծել է ժողովուրդը: Մենք կիրականացնենք Ժնեւյան համաձայնագրի դրույթները, եթե հակառակ կողմն էլ դրանք կատարի: Իրանը ամբողջովին պատրաստ է միջուկային ծրագրի հաջորդ փուլին: Իրանի իրավիճակը թույլ է տալիս ավելացնել ազդեցությունը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ համաշխարհային ասպարեզում»,- ասել է Ռոհանին' հավելելով, որ Իրան-Եվրոպա հարաբերությունները պա տմական են, եւ այսօրվա վիճակը թույլ է տալիս հույս ունենալ, որ այդ դարավոր հարաբերությունները կզարգանան նոր փուլով:

 

«Վերջին տարիներին Իրանի դեմ կիրառված անօրինական պատժամիջոցները հսկայական վնաս տվեցին բոլոր պետություններին: Այդ գաղափարը կանգնեցրեց փակուղու առաջ, եւ բոլորն էլ խոստովանում են, որ ընտրված ճանապարհը սխալ էր: Ճիշտ ճանապարհը երկխոսությունն է, եւ հենց այդ ճանապարհով են այսօր կողմերն ընթանում»,- ասել է Ռոհանին: