Այս տարի ՀՀ և ՌԴ համատեղ 60 մլն դոլար ներդրումներով Հայաստանում կհիմնվի արտակարգ իրավիճակների ոլորտի Հայ-ռուսական հումանիտար կենտրոն: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Այնտեղ երկուստեք կներդրվի մինչև 60 միլիոն դոլար, ինչը հնարավորություն կտա, որպեսզի այս կենտրոնը արտակարգ իրավիճակների դեմ պայքարում օպերատիվ աջակցություն ցուցաբերի»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ Հայաստանում կգործի ռուսական փրկարար ծառայության հատուկ ստորաբաժանում, որը հայ փրկարարների հետ կիրականացնի այս աշխատանքները:

 

ԱԱԽ համակարգմամբ 2014թ.-ին Հայաստանում կստեղծվի հայ-ռուսական ևս մեկ խոշոր կառույց, որը կկոչվի «Հայռուսպետռեզերվ»: Արթուր Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանում կստեղծվի պետական ռեզերվների պահպանության կովկասյան տարածաշրջանային կենտրոն: «Սա վերաբերվելու է տարբեր ուղղություններով Ռուսաստանի Դաշնության պետական պահուստներն Հայաստանի տարածքում պահելուն, համատեղ կառավարելուն, տնօրինելուն. սա ենթադրում է խոշոր ենթակառուցվածքի ստեղծում՝ սկսած տեխնիկայից մինչև սնունդ»,- նշեց նա՝ հավելելով, որ համատեղ ձեռնարկությունը կհիմնվի Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում:

 

Այս տարի կվերազինվի և կվերականգնվի Ստեփանավանի օդանավակայանը, որտեղ կարող են կատարվել համապատասխան թռիչքներ, ինչպես նաև այն կօգտագործվի Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակների նախարարությունների կարիքների համար: