ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել Իրաքից ներմուծվող դիզվառելիքի վերաբերյալ որոշ ԶԼՄ-ների հրապարակումների պարզաբանմամբ: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հունվարի 26-ից մի շարք լրատվամիջոցներ, անդրադառնալով Իրաքից դիզվառելիքի ներկրմանը' եզրակացրել էին, որ խմբաքանակի մուտքը հանրապետություն Մեղրիի սահմանային անցակետում «արգելվել է մեր մաքսավորների կողմից»: Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ սահմանին դիզվառելիքի նշված խմբաքանակի մուտքի արգելքը մաքսային ընթացակարգերի հետ առնչություն չունի, մաքսային մարմինների կողմից որևէ խոչընդոտ չի հարուցվել, և, հետևաբար, կողմնակալ կամ սուբյեկտիվ մոտեցման մասին հետևություններն իրականությանը չեն համապատասխաում: Խնդիրը նշված խմբաքանակի որակի մեջ է, որի նկատմամբ հսկողությունն, ինչպես հայտնի է, մաքսային ծառայության գործառույթների տիրույթից դուրս է գտնվում: Մաքսային ծառայությունը համագործակցում է համապատասխան կառույցի հետ' հետևողականություն դրսևորելով ինչպես նշված խմբաքանակի, այնպես էլ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների որակի չափանիշների պահպանման հարցում: Այդ կերպ ծառայությունը կատարում է իր անմիջական պարտականությունը, որը հստակ սահմանված է Մաքսային Օրենսգրքի 9-րդ հոդվածում' սպառողների շահերի պաշտպանության նպատակով աջակցում է ն երմուծվող ապրանքների որակի ապահովմանը նպատակաուղղված միջոցառումներին»: