Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաղ թե ուշ կճանաչվի պաշտոնական Բաքվի կողմից: Այս մասին ադրբեջանական axar.az լրատվական կայքին տված հարցազրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, հետխորհրդային տարածաշրջանի եւ աշխարհի նորագույն պետությունների գծով փորձագետ, նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:
Ադրբեջանական կայքի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կարող են Գագաուզիայում անցկացված հանրաքվեի արդյունքներն անդրադառնալ հետխորհրդային չճանաչված տարածքների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի վրա, Ալեքսեյ Մարտինովն ասել է, որ Մաքսային միության կազմ ԼՂՀ մտնելու հարցը միանգամայն կարող է քննարկվել (Գագաուզիայի բնակչության մեծամասնությունը քվեարկել է ՄՄ մտնելու օգտին): «Դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Մաքսային միության անդամ-երկրների գործն է», -ընդգծել է նա:
Իսկ այն հարցին, թե, իր կարծիքով, ինչպես է լուծվելու Ղարաբաղի խնդիրը, Մարտինովն ասել է. «Ես կարճ կպատասխանեմ. համոզված եմ, որ Ղարաբաղի խնդրի լուծումը վաղ, թե ուշ ավարտվելու է Բաքվի, Երեւանի, Մոսկվայի, իսկ հետո նաեւ ՄԱԿ-ի անդամ մյուս պետությունների կողմից այդ ոչ այնքան մեծ պետության ճանաչումով»: