Հայաստանի կառավարությունը ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ այլընտրանքային ճանապարհի կառուցման համար, վերաբաշխման միջոցով ԲԸԱՀ ընթացակարգով (բանակցային ընթացակարգ առանց հայտարարության) գնումն իրականացնելու և շինարարական աշխատանքների կատարման նպատակով կհատկացնի 520 մլն դրամ: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում:

 

«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ ընդհանուր երկարությամբ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցմամբ։ Նախագիծն ընդունվում է' ելնելով վերոհիշյալ ճանապարհահատվածի կառուցման հրատապությունից, քանի որ մրցույթի այլ ձևի կիրառումը չի կարող ապահովել ճանապարհի տվյալ հատվածքում անցանելիությունը և երթևեկության անվտանգությունը: Բացի այդ, մրցութային այլ ընթացակարգի կիրառումը պահանջում է տևական ժամանակ, որի ընթացքում նշված ժամանակահատվածում երթևեկության անվտանգ կազմակերպումը դառնում է անհնար»,-  նշված է նախագծի հիմնավորման մեջ:

 

Տավուշի մարզի Պառավաքար և Վազաշեն գյուղերն իրար միացնող միջպետական նոր ճանապարհը կգործարկվի ընթացիկ տարվա հունիսից: Այլընտրանքային ճանապարհը կառուցվում է' գործող ճանապարհի ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից զերծ մնալու նպատակով: Նոր ճանապարհի նախագծման աշխատանքների ժամանակ հաշվի են առնվել անվտանգության բոլոր կանոնները, աջ եւ ձախ կողմերին կկառուցվեն 2-5 մետր բարձրությամբ պատնեշներ:

 

Պառավաքար-Վազաշեն հատվածում հակառակորդի կրակոցներից նախորդ տարի հայկակակն կողմն ունեցել է 3 զոհ եւ 11 վիրավոր, որոնցից 2-ը' քաղաքացիական անձ: Հենց այս դեպքերից հետո է որոշում կայացվել Պառավաքար-Վազաշեն ճանապարհը փակել եւ նոր ու հակառակորդի դիտանկյունից առավել հեռու ճանապարհ կառուցել: Հակառակորդի համար նոր ճանապարհը տեսանելի չի լինի, եւ այն հնարավոր չի լինի գնդակոծել:

 

Նախորդ ճանապարհը հակառակորդի հենակետից գտնվում էր 300 մետր հեռավորության վրա, եւ թշնամին մեկ հենակետից կարող էր երեք տարբեր հատվածներ գնդակոծել: