Ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ այլընտրանքային ճանապարհն ամբողջական շահագործման կհանձնվի մինչև ամառ: Գարնանը կսկսվեն ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Այդ մասին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը տեղեկացրեց ՀՀ կառավարության նիստում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարց բարձրացրեց' արդյո՞ք ավելի արագ հնարավոր չէ աշխատանքներն ավ արտել, քանի որ եղանակաները կարծես այդ տարածաշրջանում բարենսպատ են: Բեգլարյանն ասաց, որ վերջին օրերին եղանակները ցրտել են, և աշխատանքները դադարել էին: «Այսօր աշխատանքը վերսկսել ենք, կաշխատենք մինչև մայիսի սկիզբն ավարտել դրանք: Գործը բարդացել է, որովհետև սարի միջով է անցնում ճանապարհը, շատ են փորման աշխատանքները: Դրանք ավարտելու դեպքում ասֆալտապատումն ավելի արագ կիրականացնենք»,- տեղեկացրեց նախարարը:
Վարչապետը հանձնարարեց փորձել հնարավորինս արագ ավարտին հասցնել շինաշխատանքները:
Միաժամանակ, Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ այլընտրանքային ճանապարհի կառուցման համար, վերաբաշխման միջոցով ԲԸԱՀ ընթացակարգով (բանակցային ընթացակարգ առանց հայտարարության) գնումն իրականացնելու և շինարարական աշխատանքների կատարման նպատակով կառավարությունը կհատկացնի 520 մլն դրամ: Այլընտրանքային ճանապարհը կառուցվում է' գործող ճանապարհի ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից զերծ մնալու նպատակով:
Նոր ճանապարհի նախագծման աշխատանքների ժամանակ հաշվի են առնվել անվտանգության բոլոր կանոնները, աջ եւ ձախ կողմերին կկառուցվեն 2-5 մետր բարձրությամբ պատնեշներ: Պառավաքար-Վազաշեն հատվածում հակառակորդի կրակոցներից նախորդ տարի հայկական կողմն ունեցել է 3 զոհ եւ 11 վիրավոր, որոնցից 2-ը' քաղաքացիական անձ: Հենց այս դեպքերից հետո է որոշում կայացվել Պառավաքար-Վազաշեն ճանապարհը փակել եւ նոր ու հակառակորդի դիտանկյունից առավել հեռու ճանապարհ կառուցել: Հակառակորդի համար նոր ճանապարհը տեսանելի չի լինի, եւ այն հնարավոր չի լինի գնդակոծել: Նախորդ ճանապարհը հակառակորդի հենակետից գտնվում էր 300 մետր հեռավորության վրա, եւ թշնամին մեկ հենակետից կարող էր երեք տարբեր հատվածներ գնդակոծել: