Հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար 2014 թվականին նախատեսվում է թվով 10 ավտոբուսներ հարմարեցնել: Դրանք կահավորվելու են հատուկ վերելակային սարքավորումներով։
Ավտոբուսների վերազինման համար Երևանի բյուջեով նախատեսված է հատկացնել 30 մլն դրամ:
Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր երթուղիներում շահագործվում են հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված 2 տրոլեյբուս, որոնք կահավորված են թեքահարթակներով:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժը մայրաքաղաքի փողոցներում ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրով հատկացված 20 մլն դրամ գումարով մայրաքաղաքի փողոցներում կառուցվել են 80 թեքահարթակներ: «Ինը վարչական շրջանների շենքերի մուտքերի մոտ և շենքերի ներսում ևս կառուցվել են թեքահարթակներ՝ 4.3 մլն դրամ գումարով: Երևանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրով 293 թեքահարթակներ են կառուցուել նաև հիմնանորոգվող փողոցներում»,-հայտնեցին վարչությունից:
Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրով, պետական բյուջեից տրամադրվելիք ֆինանսական միջոցների շրջանակներում, 40 մլն դրամ գումարով ևս նախատեսված է թեքահարթակների կառուցում մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում և բանուկ մասերում:
Թեքահարթակների կառուցման վայրերը քաղաքապետարանը համաձայնեցնում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ: