Եվրոպայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նամակ է ուղարկել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին՝ հիասթափություն արտահայտելով Ուկրաինայում ժողովրդավարությանն աջակցող նվիրատու երկրների ցանկում Ադրբեջանի հայտնվելու փաստի առնչությամբ: «Շատ մեծ հիասթափություն է տեսնել Ադրբեջանն այնպիսի երկիրների շարքում, ինչպիսիք են Նորվեգիան, Ճապոնիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրոպական Միությունը: Անկախ այն հանգամանքից, թե ուկրաինական ճգնաժամի լուծումը որքան անհրաժեշտ է այժմ և ձեր դերն այդտեղ բարձր է գնահատվում, տեսնել Ադրբեջանը ժողովրդավարություն պաշտպանող նվիրատու երկիրների նույն ցանկում, պարզապես անհեթեթություն է»,- ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբից, նշել է Գասպար Կարապետյանը՝ հավելելով, որ չպետք է թույլ տալ բռնակալ երկրին ժողովրդավարություն հաստատելու հարցում ներդրում ունենալ:
Հանձնախմբի նախագահի խոսքով՝ Ադրբեջանը ձգտում է նոր բարձունքի հասցնել իր «խավիարային դիվանագիտությունը»՝ նվիրատու դառնալով այդ տարածաշրջանում: «Ժողովրդավարություն արտահանելու փոխարեն՝ Ադրբեջանը պետք է նախ ժողովրդավարություն հաստատի իր երկրում»,- նշել է Կարապետյանը:
Նա Եվրամիությանը հորդորել է Ուկրաինայի հարցում զերծ մնալ Ադրբեջանի նյութական աջակցությունից: