Սահմանամերձ Ճամբարակ քաղաքում տեղակայված զորամասի գրեթե բոլոր պայմանագրային զինծառայողներն իրենց հունվար ամսվա աշխատավարձերը 20 000 դրամից մինչև 40 000 դրամով պակաս են ստացել։

 

Զինծառայողները չգիտեն, թե ինչո՞ւ են պահվել այդ գումարները, բայց խոսակցություն է տարածվել, թե զորամասի հրամանատարը գումար է խաղատանը պարտվել և պարտադրել, որ որոշակի չափով վճարեն զինծառայողները։ Նշենք, որ Ճամբարակի և շրջակա գյուղերի տղամարդկանց հիմնական մասը այստեղ պայմանագրային զինծառայող է։

 

Զինծառայողներից մեկը նշեց, թե ինքը ստանում է 110 000 դրամ, և այս ամիս աշխատավարձ է վճարվել 90 000 դրամ։

 

Tert.am-ը փորձեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզել, թե ինչո՞ւ են զինծառայողների աշխատավարձերը պահվել։ ՊՆ մամուլի խոսնակը պնդեց, թե նման բան չի կարող լինել։

 

«Նման բան չի կարող լինել, եթե կա նման բան՝ խնդրում եմ փոխանցեք, մենք կզբաղվենք դրանով, բայց հավանաբար դա կապ ունի դիրքերում ծառայած մարտական ծառայության լրավճարների հետ։ Ամեն տարվա սկզբին այդ հարցը լինում է, որովհետև ավանսային հաշվարկների խնդիր կա»,-ասաց նա։

 

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, թե խնդիրը մի քանի կոպեկի մասին չէ. «40 000 դրամ ո՞նց կարող են մարդկանցից պահել»: