ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների աշխատակիցների մի մասը 2020 թվականին դեռևս աշխատավարձ չի ստացել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ կա, ընդամենը, 1-2 ՊՈԱԿ, որոնց աշխատակիցները դեռ աշխատավարձ չեն ստացել. «Մյուսները նախորդ շաբաթվա ընթացքում ստացել են: Ուշացումը պայմանավորված է եղել հաստիքացուցակների հաստատմամբ: Նախորդ տարի մենք հայտարարել էինք, որ նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են: Խոսքը մոտ 5-95 տոկոս բարձրացման մասին է»:
Մարտիրոսյանն ասաց, որ այդ բարձրացումներն իրականացնելու, ինչպես նաև ֆինանսական հաշվարկներ կատարելու համար իրենց պետք էր ՊՈԱԿ-ների հաստիքացուցակների վերանայում և վերջնականացում:
«Այդ գործընթացը խլեց որոշակի ժամանակ, ինչի արդյունքում եղան այս ուշացումները: Արդեն իսկ հաստատված հաստիքացուցակներով հունվարից մեր ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ների բոլոր աշխատակիցները ստացել են բարձրացված աշխատավարձը»,-ընդգծեց նա:
Դիտարկմանը, թե աշխատավարձի բարձրացումը եղել է կրճատումների հաշվին՝ Մնացականյանը պատասխանեց. «Մենք այս նախաձեռնությունը կարողացանք իրականացնել բացառապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեի խնայողությունների հաշվին»: