Այսօր «Մարալիկի առողջության կենտրոնի» ծննդատան աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում: Պատճառն այն էր, որ ծննդաբերական բաժանմունքի 13 աշխատակիցները 7 ամիս աշխատավարձ չեն ստացել, որի հետևանքով կուտակվել է 12 մլն դրամ չվճարված աշխատավարձ:

 

2019-ին որոշում է կայացվել փակել բաժանմունքը, սակայն քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացրել, և վերջիններիս առաջարկվել է վերազինել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը, որից հետո կկատարեն ուսումնասիրություն, ինչից հետո էլ որոշում կկայացվի:

«Մենք փորձեցինք բաժանմունքը վերազինել, այս տարվա փետրվարի 18-ին տեղի ունեցավ ուսումնասիրություն, որի արդյունքում բաժանմունքին կարգ չշնորհվեց»,- ասաց հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը:

Ժ/Պ-ի խոսքով՝ իրենք արել են ամեն ինչ՝ առկա բացերը լրացնելու համար. բաժանմունքը վերազինել են անհրաժեշտ բժշկական սարքերով, սակայն, երբ կրկին դիմել են Առողջապահության նախարարություն, պատասխան են ստացել, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ուսումնասիրություն կատարելու համար հանձնախումբ չունեն:

Մյուս խնդիրն այն է, որ բաժանմունքի պետպատվերի մերժման ժամանակ կառավարության կողմից որոշում չի եղել. «Չկա հստակ իրավական ակտ, որի հիման վրա բաժանմունքի 13 աշխատակիցներին հնարավոր կլիներ ծանուցել, որ իրենք աշխատանքից ազատված են: Այսինքն՝ իրենք գտնվում են աշխատանքի մեջ, բայց չեն ստանում աշխատավարձ: Այս 7 ամսվա ընթացքում էլ գրանցվել է 21 ծնունդ»,- ասաց Հովսեփյանը:

Բաժանմունքի աշխատակիցներից հետաքրքրվեցինք, թե ինչպես են 7 ամիս շարունակ առանց վարձատրվելու աշխատել. «Բողոքը ներկայացրել ենք, մեզ հուսադրել են, որ աշխատեք՝ լավ կլինի: Ու այդպես, ամիսները անցան, տարին շուտով կավարտվի, բայց ոչ մի պատասխան չկա: Հարցը այդպես առկախված մնաց»:

«Մենք մտավախություն ունենք, որ ֆինանսական բեռի մեծացման պատճառով կկորցնենք նաև մեր պոլիկլինիկայի ծառայությունը, որովհետև հնարավոր է՝ ֆինանսական բեռի պատճառով սնանկ ճանաչվի և լուծարվի»,- ասաց Անուշ Հովսեփյանը՝ նշելով, որ խնդրի վերաբերյալ դիմել են մարզպետին, Առողջապահության նախարարին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, նաև վարչապետին, սակայն պատասխան այդպես էլ չեն ստացել:

Աշխատակիցները մտահոգված են՝ այդքան ծրագրեր են իրականացնում, միթե Մարալիկը չի կարող դրանց շարքին դասվել:

«Մեզ համար ժամանակը շատ թանկ է, քանի որ օրեցօր ֆինանսական բեռն ավելանում է: Մենք խնդրում ենք որոշակիություն, հնարավորություն տալ աշխատել, եթե դա չեն տալիս, կառավարության որոշում տան, որ աշխատակիցներն աշխատանքից ազատված են: Ինչքան կարելի է անորոշության մեջ մնալ»,- ընդգծեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Բաժանմունքից ասում են՝ բողոքի ակցիան շարունակական չի լինելու, սպասելու ենք հարցի լուծմանը:

Արփինե Հակոբյան