Պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը ամենամյա չօգտագործված արձակուրդների դիմաց ՊՆ-ից մոտ 14 միլիոն դրամ փոխհատուցումը դեռ չի ստացել, քանի որ նախարարությունը չի կատարում  դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը: «Փաստաբանս դատարան դիմում է ներկայացրել, որպեսզի կատարողական թերթիկ ուղարկեն ԴԱՀԿ և պարտադրական եղանակով ստանանք այդ գումարը, քանի որ, ըստ էության, ՊՆ-ը հրաժարվում է վճարել․ ներկայացնում են տարբեր, անհեթեթ պատճառաբանություններ, ժամանակ են ձգձգում: Նախարարությունը չի կատարում դատարանի՝ օրինական դատավճիռը:

 

Բայց հայտնի է, որ յուրաքանչյուր դատական ակտ ի կատար ածվելու ժամանակ ունի, և եթե այդ ժամանակահատվածում այն չի իրականացվում, ապա ակտը դառնում է կատարման ոչ ենթակա: Ես կարծում եմ, որ ՊՆ-ը հենց դա էլ փորձում է անել, ինչը, բնականաբար, մենք թույլ չենք տա»,-ասաց նա:

Խաչատրյանն ընդգծեց, որ դատարանի որոշմամբ հաստատվել է, որ իրեն չի տրամադրվել դրամական հատուցում չօգտագործած ամենամյա արձակուրդի դիմաց. «Խոսքը մոտ 14 մլն դրամի մասին է՝ ներառյալ տույժեր ու տուգանքներ, իսկ մայր գումարը՝ մոտ 7 մլն է»: Նա շեշտեց, որ որոշումն օրինական ուժի մեջ է մտել հունվարին, բայց մինչ օրս նախարարությունում դեռ հաշվարկներ են իրականացնում: 

 

Մայորի խոսքով՝ նման խնդրի բախվել են նաև այլ պայմանագրային զինծառայողներ. «Շատ դեպքերում, ՊՆ-ը չի կատարում օրենքի պահանջները, գործում է օրենքի սահմաններից դուրս: Ցավալին այն է, որ Պաշտպանության նախարարության որոշ պաշտոնյաների ապօրինի գործողությունների հետևանքով պետության բյուջեից ինձ և ինձ նման այլ զինվորականների ստիպված են լինելու վճարել նաև տույժերը, շատ դեպքերում՝ կրկնակի ավելի, այսինքն, եթե այդ գումարները ժամանակին փոխհատուցեին՝ նման խնդիր ևս չէր լինի»