ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ստացել են: Պաշտպանական թիմը Վերաքննիչ դատարանի այս որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում, հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամները:

«Այս պահին պաշտպաններն աշխատում են միաժամանակ նաև Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել Առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը, համաձայն որի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը»,- ասված է փաստաբանական թիմի տարածած հաղորդագրության մեջ: