Ազգային ժողովի ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչո՞ւ է մեկ ամսում ԱԺ աշխատանքների համար իրեն հատկացված հեռախոսահամարով խոսել երկու միլիոն դրամի:

«Հեռախոսս տեխնիկական խնդիր ուներ, 3G-ին երեք օր շարունակ միացված է եղել, որի հետևանքով էլ երկու միլիոն դրամ է գրել»:

Ճշտող հարցին՝ մեկ ամիս շարունակ իր հեռախոսը տեխնիկական խնդիր է ունեցել և ինքն այդ մասին չի՞ իմացել, պատգամավորը պատասխանեց. «Մեկ ամիս չէ, տասն օր»:

Դիտարկմանը՝ մամուլը գրում է՝ Չինաստանում գտնվող իր տղայի հետ է խոսել ԱԺ-ի հատկացրած հեռախոսաքարտով, Նաղդալյանը պատասխանեց. «Ո՛չ, ես տղայիս հետ Չինաստան WhatsApp-ով եմ խոսում»,- ժպիտը դեմքին պատասխանեց Նաղդալյանը՝ հավելելով, որ դեռ չգիտի ինքն է վճարելու այդ գումարը, թե պետբյուջեն: