SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 31-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է աղբյուրը, այդ օրը, ժամը 04։50-սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Մանանդյան փողոցում գործող «Ամիկուս» առևտրի կենտրոնի անվտանգության ազդանշանային համակարգը միացել է։
Տեղում նշված առևտրի կենտրոնի տնօրեն Էդգար Բեգլարյանը հայտնել է, որ այդ օրը, ժամը 04։35-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանի ճաղավանդակը կոտրել, ապա բացելով պատուհանը՝ մտել են իր աշխատասենյակ և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ չհրկիզվող պահարանում եղել է մոտ 5 մլն դրամ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։