Հայ-ադրբեջանական սահմանին փետրվարի 9-ին կրկին լարվածություն է նկատվել: Ադրբեջանական կողմը սահմանի տարբեր հատվածներում կրկին խախտել է հրադադարի ռեժիմը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Հակառակորդի կողմից կրակոցներն ինտենսիվ չեն եղել, սակայն հրադադարի ռեժիմի խախտումներ եղել են»,- նշեց Հովհաննիսյանը:

 

ՀՀ Պն խոսնակը տեղեկացրեց նաև, որ հայկական կողմը լռություն է պահպանել և չի պատասխանել հակառակորդի կրակոցներին:

 

Հայկական կողմն ընդունել է Միջազգային օլիմպիական կոմիտեի կոչն ու պատրաստակամ է, որպեսզի Օլիմպիական խաղերի ժամանակ սահմանին իրավիճակը չսրվի եւ զոհեր չգրանցվեն: Սակայն ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ սահմանի տարբեր հատվածներում կրակահերթեր արձակելով հայ դիրքապահների մարտական հենակետերի և բնակավայրերի ուղղությամբ: Հայ դիրքապահները պատասխան գործողությունների են անցնում միայն, եթե ադրբեջանական կողմը դիմում է սադրիչ գործողությունների: