Ադրբեջանական կողմը փետրվարի 18-ին կրկին խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակ բացելով Պառավաքար-Վազաշեն ճանապարհահատվածի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ժամը 11:30-ից 12:00-ի սահմաններում հակառակորդը կրակել է Պառավաքար-Վազաշեն ճանապարհահատվածի ուղղությամբ»,- նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայկական կողմը պատասխան կրակ չի բացել:
ՊՆ խոսնակը նաև տեղեկացրեց, որ տուժածներ և վիրավորներ չկան, իսկ այս պահին իրավիճակը հանգիստ է:
Ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական շփման գծում շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը: Ադրբեջանցիները նույնիսկ չեն հետևում Օլիմպիադայի օրերին հրադադարի պահպաման ավանդույթին՝ պարբերաբար կրակոցներ արձակելով սահմանի ողջ երկայնքով: