Ի՞նչ են սպասում օձի տարվանից քաղաքական գործիչները, ի՞նչ են թողնում վիշապի տարում, ի՞նչ կենացներ են նախընտրում խմել ամանորյա սեղանի շուրջ: Parliamentmonitoring.am-ի լրագրողները աշնանային ողջ նստաշրջանի ընթացքում ԱԺ պատգամավորների հետ զրուցել են տարատեսակ օրենքների, քաղաքական նախաձեռնությունների մասին, տոնական օրերին փոխել են զրույցի թեման և պատգամավորներին ուղղել հարցեր, որոնց պատասախանելը թերևս ավելի հաճելի է:
Ի՞նչ եք թողնում վիշապի տարում:
Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն» . «Թողնում եմ վախեր, հասարակությունն էլ պետք է ձերբազատվի այդ վախերից, վերականգնի հավատը: Այսպիսի մի պատմություն կա. սատանան ընկած մարդկանց հավատն է հավաքում, մարդիկ բողոքում են Աստծուն' ասելով, սատանան եկել է, մեր հավատն է հավաքում, ամեն ինչ տարել է: Աստված հարցնում է սատանային' ինչո՞ւ ես մարդկանց հավատը հավաքում: Սատանան էլ ասում է' բայց ես ինչ մեղավոր եմ, թափել են, ես էլ հավաքում եմ: Ուզում եմ ասել' պետք է հավատով ներշնչված լինենք ու մեր խղճի հետ ներդաշնակ:
Էդմոն Մարուքյան, անկախ պատգամավոր. «Ճիշտն ասած կենդանակերպերին և չիանական օրացույցին չեմ հավատում ու չեմ հետևում, բայց անցնող տարում թողում եմ շատ աշխատանք, որ կատարել եմ ու հաջողություններ, որոնց հասել եմ»:
Արտակ Զաքարյան, ՀՀԿ. «Վիշապի տարում տխուր հիշողություններ ու առիթներ եմ թողնում, որոնք, ցավոք, եղել են, թողնում եմ նաև քաղաքական ձեռքբերումներ, օրինակ, խորհրդարանական ընտրությունները, որոնք թե քաղաքական հատվածի, թե բոլորիս ձեռքբերումն են»:
Ի՞նչ եք սպասում օձի տարուց:
Գալուսատ Սահակյան, ՀՀԿ. «Ոչ թույն….եթե թույն, գոնե մեղվի»:
Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն» . «Օձը իմաստության խորհրդանիշ է, փորձենք ունենալ օձի իմաստությունը ու երիտասարդության ուժերով գնանք առաջ:
Արծվիկ Մինասյան, ՀՅԴ . « Ոչ օձություն, որովհետեև մի քիչ շատ են օձերը, և իսկապես ուզում եմ, որ Նոր տարին մի քիչ բարություն բերի մեր երկրին»:
Ալեքսանդր Արզումանյան, «Ազատ դեմոկրատներ». « Հորոսկոպների սիրահար չեմ, բայց օձը իմաստության խորհրդանիշ է: Հուսանք, որ իմաստուն կլինենք այս տարի և սառը դատողություններով կառաջնորդվենք»:
Էդմոն Մարուքյան, անկախ պատգամավոր . «Սպասելիքներս մեծ են. հաջորդ տարում նույն ակտիվությամբ աշխատելու եմ խորհրդարանում»:
Նաիրա Զոհրաբյան, ԲՀԿ. « Ես հորոսկոպով օձ եմ և շատ գորովալից վերաբերմունք ունեմ բոլոր օձերի հանդեպ: Եվ ուզում եմ, որ օձի տարում մեզնից յուրաքանյուրն ունենա օձի իմաստություն և որոշումներ կայացնելուց առաջ մի պահ դադար վերցնի, ինչպես օձն է անում իր զոհին կուլ տալուց առաջ, մի պահ մտածի և նոր քայլ կատարի»:
Ո՞ր կենացն եք նախընտրում խմել Ամանորի սեղանի շուրջ:
Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն» . «Ուզում եմ, որ բոլորի դուռը թակի արդարությունը ու համերաշխ լինեն: Ուզում եմ, որ ընտանիքները շատանան, այն ընտանիքները, որ կիսատ են, ամբողջանան, միավորվեն»:
Էդմոն Մարուքյան, անկախ պատգամավոր . « Սովորաբար թամադայություն չեմ անում, ունեմ ընկերներ, ովքեր շատ լավ բաժակաճառեր են ասում: Բայց եթե կենաց եմ ասում, ապա խմում եմ հաջողությունների ու խաղաղության համար»:
Արտակ Զաքարյան, ՀՀԿ. «Խաղաղություն, առողջություն և համբերություն բոլորին և ամեն ինչ լավ է լինելու»:
Նաիրա Զոհրաբյան, ԲՀԿ. «Կենացներ, անկերղծ ասած, չեմ սիրում, խմել էլ չեմ սիրում, բայց մեկ բաժակ թեթև ֆրանսիական գինի, որ ես ամեն անգամ ինձ հետ բերում եմ Փարիզից, Ամանորի սեղանին անպայման խմում եմ իմ երեխայի ու թոռնիկի առողջության համար»:
Ալեքսանդր Արզումանյան, «Ազատ դեմոկրատներ». « Ես ընդհանրապես կենացներ ասել չեմ սիրում, կարծում եմ, որ հատուկ ժանր է, որին ես չեմ տրապետում: 98 թվականից հետո, ՀՀՇ գրասենյակում փոքրիկ սրճարան կար: Վանո Սիրադեղյանն էր այն ժամանակ վարչության նախագահը: Մենյուում կատակով տարբեր կենացներ էինք նշել : Մի 18 կենաց կար, բոլորը օրիգինալ, կատակային և դրանցից մեկը, որ ես ամենաշատն էի սիրում, դա «Էհն » էր բազմակետով»: