Ինչպես հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությանը, ամեն տարի Ադրբեջանում տարբեր տարիքի 40-60 երեխա ինքնասպանություն են գործում և ավելի շատ երեխաներ' ինքնասպանության փորձ անում: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի երեխաների իրավունքների գծով ոչ կառավարական կազմակերպությունների դաշինքի ազգային համակարգող Նաբիլ Սեիդովը:
Նա նշել է, որ անցյալ տարի ինքնասպանությամբ կյանքին վերջ դրած ամենափոքր երեխան 9 տարեկան է եղել: Նրա խոսքով' Ադրբեջանում ինքնասպանության փորձերի արժանահավատ վիճակագրություն չկա և չի անցկացվում:
«Ադրբեջանում դեպրեսիաներից, ծանր ապրումներից և այլ հոգեբանական խախտումներից ամեն տարի տառապում են հազարավոր երեխաներ և անչափահասներ, հազարավոր երեխաներ էլ ականատես են լինում հանցավոր գործողությունների, բռնաճնշումների, այդ թվում՝ նաև կենցաղային: Վերջին 2 տարում մոտ 300 երեխա Ադրբեջանում բախվել են տարբեր տեսակի բռնությունների: Միայն Բաքվում երկու տարվա ընթացքում 40 երեխա ենթարկվել է սեռական բռնության և շահագործման»,-ասել է Սեիդովը:
Ադրբեջանի' «Կանանց ճգնաժամային կենտրոնի» հոգեբան Ազադ Իսազադեն ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ Ադրբեջանում ինքնասպանութունների աճը հասարակության մեջ աճող ագրեսիայի արդյունք է: