Ամեն տարի Ադրբեջանում տարբեր տարիքի 40-60 երեխաներ ինքնասպանություն են գործում եւ ավելի շատ երեխաներ ինքնասպանության փորձ անում: Այս մասին APA լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի երեխաների իրավունքների գծով ոչ կառավարական կազմակերպությունների դաշինքի ազգային համակարգող Նաբիլ Սեիդովը:
Նա նշել է, որ անցյալ տարի ինքնասպանությամբ կյանքին վերջ դրած ամենափոքր երեխան 9 տարեկան է եղել: Նրա խոսքով, Ադրբեջանում ինքնասպանության փորձերի արժանահավատ վիճակագրություն չկա եւ չի անցկացվում:
«Ադրբեջանում դեպրեսիաներից, ծանր ապրումներից եւ այլ հոգեբանական խախտումներից ամեն տարի տառապում են հազարավոր երեխաներ եւ անչափահասներ, հազարավոր երեխաներ էլ ականատես են լինում հանցավոր գործողությունների, բռնաճնշումների, այդ թվում' նաեւ կենցաղային: Վերջին 2 տարում մոտ 300 երեխաներ Ադրբեջանում բախվել են տարբեր տեսակի բռնությունների: Միայն Բաքվում երկու տարվա ընթացքում 40 երեխաներ ենթարկվել են սեռական բռնության եւ շահագործման», -ասել է Սեիդովը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, 2014 թ. հունվար-փետրվարին այդ երկրում արդեն 37 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 5-ը անչափահասներ են եղել: 4 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:
Ադրբեջանի «Կանանց ճգնաժամային կենտրոնի» հոգեբան Ազադ Իսազադեն ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ Ադրբեջանում ինքնասպանութունների աճը հասարակության մեջ աճող ագրեսիայի արդյունք է: Նրա կարծիքով, ինքնասպանությունը բողոքի ակցիա է: «Երբ մարդուն ոչ պետությունը, ոչ էլ հասարակությունը ուշադրություն չեն դարձնում, նա իր բողոքը իշխանություններին հասցնելու համար ինքնասպան է լինում», -ասել է նա:
«Այս տարվա սկզբից մինչեւ այժմ Ադրբեջանում 37-ից ավելի ինքնասպանության դեպք է տեղի ունեցել: Ըստ վիճակագրության, քանի որ ինքնասպանությունների 10 տոկոսն է ավարտվում մահվամբ, նշանակում է' Ադրբեջանում անցյալ տարի 350-ից ավելի մարդ ցանկացել է սպանել ինքն իրեն», -հայտարարել է ադրբեջանցի հոգեբանը: