Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը վաղ է համարում Թուրքիայում առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հնարավորությունները գնահատելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա, մեկնաբանելով թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 288 անդամներ լքել են քաղաքական ուժը՝ համալրելով ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության շարքերը, նշեց, որ ընտրություններին դեռ բավականին ժամանակ կա, և դեռ վաղ է եզրակացություններ անելու համար: «Իհարկե, ինձ համար զարմանալի չէ, որ Էրդողանի կուսակիցները լքում են նրան: Մենք գիտենք, ո ր Թուրքիայում հակասությունները սրվել են իշխող կուսակցության և գյուլենական շարժման անդամների միջև, նույնիսկ լրատվություն կա, որ «Հիզմեթ հարեքեթի» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը դատի է տվել Էրդողանին, սակայն այս ամենը դեռևս բավարար չէ ուժերի հարաբերակցությունը գնահատելու համար»,- նշեց Սաֆրաստյանը:

 

Թուրքագետը հիշեցրեց, որ, ըստ որոշ տեղեկությունների, Ֆեթուլլահ Գյուլենն իր կողմնակիցներին կոչ է արել առաջիկա ընտրություններում աջակցել Ժողովրդահանրապետական կուսակցությանը: Սաֆրաստյանի խոսքով, սա կարող է կտրուկ փոխել իրավիճակը, քանի որ Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենի աջակիցների թիվը հասնում է շուրջ 20 միլիոնի: «Այնպես որ, սա կարող է իսկապես լուրջ հարված լինել «Արդարություն և զարգացում» կուսակցության համար: Կան նաև հարցումների տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ իշխող կուսակցության կողմնակիցների թիվը պակասում է, իսկ Ժողովրդահանրապետական կուսակցության կողմնակիցների թիվն ավելանում:

 

Սաֆրաստյանը կոչ է անում նաև չմոռանալ, որ Էրդողանը խարիզմատիկ անձնավորություն է, ինքն էլ իր հնարավորություններն ունի, իր կողմնակիցներն ունի: Նա կարող է իր այդ խարիզմատիկության և հեղինակության հաշվին կասեցնել Ժողովրդահանրապետական կուսակցության առաջխաղացման միտումը:

 

Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2014թ. մարտին: Թուրքական Today’s Zaman թերթը գրել է, որ Թուրքիայի «Արդարության և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) մոտ 300 անդամ լքել են կուսակցության շարքերը՝ համալրելով գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը: Մինչև օրս տասնյակ< /i> պատգամավորներ են վայր դրել իրենց մանդատները՝ դառնալով անկախ, սակայն 2002-ին Էրդողանի կուսակցության իշխանության գալուց ի վեր նման զանգվածային արտահոսքն առաջինն է: