Հայաստանի արտաքին քաղաքական վերջին որոշումները եվրախորհրդարանականների մի մասի համար մնում է չհասկացված: Փետրվարի 11-ին Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում նման տեսակետ հայտնեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի 14-րդ նիստի արդյունքները, որի ավարտին կողմերի միջև ընդհանուր հայտարարությո ւն չի ստորագրվել: «Իմ տպավորությամբ նրանք հակված չեն փաստարկված երկխոսության և առաջնորդվում են իրավիճակային նախապաշարմունքներով: Այստեղ մեծ ու ժամանակատար աշխատանքի անհրաժեշտություն կա»,- նշեց Ֆարմանյանը:

 

Սամվել Ֆարմանյանը նշեց, որ որոշ եվրախորհրդականներ կարծում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական վերջին որոշումների վերաբերյալ իրենց դժգոհության արտահայտման լավագույն միջոցը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առավել կոշտ, իրականում՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը որևէ կերպ չնպաստող, եթե ոչ՝ ուղղակիորեն վնասող, մոտեցումների կիրառումը:
Նա հիշեցրեց, որ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքները սովորաբար ավարտվում են եզրափակիչ հայտարարության ընդունմամբ, որտեղ ամրագրվում է Եվրախորհրդարանի և ՀՀ ԱԺ-ի ընդհանրական մոտեցումները քննարկված օրակարգային հարցերի վերաբերյալ՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններ, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ և տարածաշրջանային խնդիրներ:

 

«Մենք կարողացանք համաձայնության գալ Հայաստան-ԵՄ համագործակցության, հայ-թուրքական հարաբերությունների մասով, սակայն խնդիրներ առաջացան Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ»,- նշեց Ֆարմանյանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայկական կողմի առաջարկների մեծ մաս ը հանվել էր եվրախորհրդականների կողմից և առաջարկվում էր ստորագրել այդ տարբերակով:

 

Ֆարմանյանը նշեց, որ հայկական պատվիրակության առաջարկած տարբերակից հանվել էին հակամարտությանը վերաբերող կարևորագույն շեշտադրումները և իրենց էին ներկայացրել ոչինչ չասող փաստաթուղթ: «Մենք չէինք կարող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ստորագրել մի փաստաթուղթ, որը չի բխում ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերից»,- նշեց նա՝ հավելելով, որ որպես հայաստնայան պատվիրակության ղեկավար իր վրա վերցրել է պատասխանատվությունը և պատրաստ է կրել այն: Ֆարմանյանը նշեց, որ եվրախորհրդականների կողմից առաջարկված տարբերակում կար ԼՂ ձգձգված հակամարտություն արտահայտությունը, որի հետ պատվիրակության անդամները համաձայն չեն եղել, ասռաջարկել են հանել ձգձգված բառը, սակայն մերժում են ստացել: Բացի դրանից, եվրախորհրդարանականները հայկական պատվիրակության ներկայացրած տեքստից հանել են բոլոր այն հատվածները, որոնք վերաբերել են ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառմանը:

 

Եզրափակելով խոսքը՝ Ֆարմանյանը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում հակադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացները և ՄՄ-ին անդամակցելու որոշումից հետո պատրաստ է շարունակել համագործակցությունը Եվրոպական Միության հետ՝ հիշեցնելով, որ եվրահանձնաժողովի անդամները բազմիցս հայտարարել են, որ հարգում են Հայաստանի որոշումը և պատրաստ են շարունակել նրա հետ երկխոսությունը: Պատգամավորը վստահություն հայտնեց, որ առաջիկայում Հայաստանը և ԵՄ-ն կգտնեն այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա էլ հետագայում կշարունակեն սերտ համագործակցու թյունը միմյանց հետ:

 

Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստը տեղի է ունեցել փետրվարի 5-6-ը Ստրասբուրգում: Նախորդ նիստերի ավարտին կողմերին միշտ հաջողվել է համատեղ փաստաթուղթ ընդունել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, հայ-թուրքական հարաբերությունների, իինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: