Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացումը գլոբալ եւ ընդգրկուն հասկացություն է, քանի որ տարբեր երկրների հետ Ռուսաստանը վիզային տարբեր քաղաքականություն է վարում: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլնիկինը վստահ է, որ այդ օրենքը չի կարող հայ եւ ռուս ժողովուրդների մոտ խնդիրներ առաջացնել:
«Դաշնակից ժողովուրդների միջեւ չպետք է լինեն անլուծելի խնդիրներ: Եթե որեւէ հարց անհանգստություն է առաջացնում, ապա վստահ եմ, որ կողմերը' ունենալով այդ հնարավորությունը, կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, կքննարկեն եւ կգտնեն ձեռնտու որոշում»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ դեսպանը:
Նրա խոսքով' Մաքսային միությունն առայժմ չի նախատեսում աշխատուժի ազատ ելումուտ, սակայն, երբ արդեն գոյություն ունենա Եվրասիական տնտեսական միությունը, ապա հարցն այլ կլինի, քանի որ այն ինտեգրացման ավելի բարձր մակարդակ նախանշում, եւ նախատեսվում է հարցերը քննարկել հենց այդ կառույցում:
Համաձայն վերջին հետազոտության, Հայաստանից կարճաժամկետ աշխատանքային միգրատների 97 տոկոսը մեկնում է ՌԴ: Տարեկան նրանց թիվը կազմում է մինչեւ 80 հազար, իսկ երկրաժամկետ միգրանտները, որ մեկնում են ընտանիքներով' մեկ կամ մի քանի տարով, 70 տոկոսը նախապատվությունը տալիս է ՌԴ-ին: Փաստորեն, տարեկան Հայաստանի շուրջ 800 հազար քաղաքացի Ռուսաստան է մեկնում:
Հունվարի 1-ից ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածքում մնալ 90 оր'յուրաքանչյուր 180 оրվա ընթացքում: ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացումները շփոթմունք են առաջացրել ԱՊՀ երկրների, մասնավորապես, Հայաստանի քաղաքացիների շրջանում, ովքեր որեւէ կերպ չէին կարողանում տեղեկություն ստանալ' իրենց մուտքը Ռուսաստան արգելվում է, թե ոչ: ՌԴ միգրացիոն ծառայության կայքում բացվել է հատուկ էջ, որտեղ օտարերկրացիների համար նախատեսված հատուկ հարցաթերթիկում լրացնելով անձնական տվյալները' կարելի է ճշտել, քաղաքացու մուտքը Ռուսաստան արգելվում է, թե' ոչ: ՌԴ միգրացիոն ծառայության կայքը' առցանց ծառայությունը պահանջում է լրացնել անուն-ազգանուն, անձնագրի տվյալներ, որից հետո ՌԴ միգրացիոն ծառայության տվյալների շտեմարանով ճշտվում է' օտարերկրացին մուտքի թույլտվություն կստանա՞, թե' ոչ: