Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի փորձագետները չեն բացառում, որ Բաքվում եւ նրա շրջակայքում կարող է 8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունենալ:
Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի կիբեռնետիկայի ինստիտուտի տնօրեն, սեյսմիկ ծառայության կենտրոնի բաժնի ղեկավար Թելման Ալիեւը ANS հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ Բաքվի Բայիլի, Գարադաղի շրջանները, առափնյա Ազգային զբոսայգին, Կասպից ծովին մոտիկ ավանները սեյսմիկ առումով ակտիվ գոտիներ են, եւ հնարավոր 8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժը կարող է ավերածություններ եւ մեծ մարդկային կորուստներ պատճառել: Նրա կարծիքով, նման ուժգնությամբ երկրաշարժից կտուժեն հիմնականում Բաքվի հին շենքերը, որոնք կառուցվել են 6 բալ ուժգնության համար նախատեսված սեյսմիկ նորմերով: Ալիեւի խոսքով, Ադրբեջանի Շամախի-Իսմայիլլի գիծը, որին հարում է նաեւ մայրաքաղաք Բաքուն, համարվում է 9 բալ ուժգնությամբ հավանական երկրաշարժերի սեյսմիկ գոտի:
Փետրվարի 10-ին ժամը 16:06-ին Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանի տարածքում, Սաաթլըից 41 կմ դեպի հյուսիս-արեւելք, 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 30 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Բաքվում եւ Ադրբեջանի այլ շրջաններում: Զոհեր չեն եղել: Մի շարք շենքերում ճաքեր են առաջացել:
ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները կանխատեսել են, որ Բաքվում եւ Շամախիում Ադրբեջանի բնակչության ու նավթային ենթակառուցվածքների, ինչպես նաեւ տարածաշրջանի իրադրության վրա ազդելու չափ հզոր երկրաշարժ տեղի ունենալու մեծ հավանականություն կա: Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի սեյսմոլոգիայի բաժնի ղեկավար Թահիր Մամեդլին ANS PRESS-ին հայտնել է, որ ամերիկացի գիտնականները նման եզրակացության են հանգել Ադրբեջանի, ինչպես նաեւ Կովկասի տարածքում անցկացրած երկրակեղեւի հորիզոնական շարժի արագությունը չափելու հետ կապված ուսումնասիրությունների արդյունքում:
Ամերիկացի գիտնականների կանխատեսումներով, Բաքվում հնարավոր երկրաշարժը կարող է հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ: