Ադրբեջանում չկան այնպիսի մակարդակի ԶԼՄ-ներ, որպեսզի նախագահ Իլհամ Ալիևը կարողանար հարցազրույց տալ նրանց: Նման հայտարարությամբ Բաքվում կազմակերպված «Թվային իրավունքներ. իրականություն և հեռանկարներ» գիտաժողովում այսօր հանդես է եկել «Ադրբեջանի դեմոկրատական բարեփոխիչ երիտասարդություն» հասարակական միության ղեկավար Վյուսալյա Հուսեյնլին' պատասխանելով երիտասարդների այն հարցին, թե ինչու՞ նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց չի տալիս տեղական ԶԼՄ-ներին:
«Այսօր բոլորն ասում են, որ նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց չի տալիս տեղական ԶԼՄ-ներին: Բայց պետք է խոստովանել, որ այսօր երկրում չկա այնպիսի մակարդակի մի հրատարակություն, որ Իլհամ Ալիևը հարցազրույց տար նրան: Նախագահից հարցազրույց վերցնել կարողանալու համար հրատարակությունը պետք է պահպանի վարքի էթիկական նորմերը: Դա վերաբերում է ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր ԶԼՄ-ներին: Ցավոք, այսօրվա ԶԼՄ-ները տարբերություն չեն տեսնում քննադատության և վիրավորանքների միջև»,-ասել է իշխանամետ գործիչը:
Ստացվում է, որ «աշխարհում նմանը չունեցող զարգացում ապրող» Ադրբեջանը «գերազանց» կառավարող նախագահին քննադատում է և իշխանական, և ընդդիմադիր մամուլը, ինչից նեղացած' Իլհամ Ալիևը հարցազրույց չի տալիս տեղական ԶԼՄ-ներին: