Կապան համայնքի վարչական սահմաններում ներհամայնքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության ընտրության նպատակով փետրվարի 12-ին, Կապանի քաղաքապետարանում անցկացվեց մրցույթ' թիվ 6 ավտոբուսային, թիվ 9 և թիվ 10 միկրոավտոբուսային երթուղիների համար: Նախապես հայտարարված մրցույթին ներկայացվել էր մեկ հայտ` «Լավ ընկեր» ՍՊԸ-ի կողմից, որը ներկայումս սպասարկում է այդ երթուղիները:
Մրցութային հանձնաժողովն ուսումնասիրել է կազմակերպության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը և հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ 1-10 բալով գնահատել է դրանք: Արդյունքները եղել են բավարար, որից հետո բացվել է փակ հայտածրարը, որտեղ ուղեվարձը' ավտոբուսային երթուղու համար սահմանված է եղել 70 դրամ, նախկին 50 դրամի փոխարեն, իսկ միկրոավտոբուսների ուղեվարձը անփոփոխ էր` 100 դրամ: «Չնայած մրցույթին մասնակցող ընկերությունը մանրամասն ներկայացրել է ուղեվարձի ինքնարժեքի հաշվարկները, ըստ որի` այն ավելի թանկ է քան նախատեսվող գինը, սակայն, ելնելով բնակչության սոցիալական վիճակից, քաղաքապետարանը կարողացավ համաձայնության գալ ընկերության ղեկավարության հետ, որպեսզի ավտոբուսի երթուղու սպասարկումն առայժմ իրականացնեն նախկին 50 դրամով», - «Արմենպրես»-ին հայտնեց Կապանի քաղաքապետի տեղակալ, մրցութային հանձաժողովի նախագահ Ռուդոլֆ Սարգսյանը: Մրցույթի վերջնական արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 18-ին: Հաղթող ընկերությունը նշված ուղղություններով կշարունակի ուղևորափոխադրումներ իրականացնել 4 տարի ժամկետով: