ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար ցավալի է, որ Հայ ազգային կոնգրեսը վերջին 6 տարվա ընթացքում այլ քաղաքական կապիտալ իր համար չի կուտակել, քան ողբերգական դեպքերի ժամանակ զոհվածների արյունն ու հիշատակն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում' անդրադառնալով մարտին 1-ին ՀԱԿ կողմից հրավիրվելիք հանրահավաքին, ասաց Աշոտյանը:
«ՀԱԿ կոչվող անհասկանալի ուժը, կուսակցությունը, խմբակցությունը 6 տարվա ընթացքում որևէ այլ քաղաքական արդյունք, քաղաքական հիմք, հենարան, առիթ չունի, քան այն, ինչ երկրում տեղի ունեցավ 6 տարի առաջ: Սա քաղաքական սնանկության ամենաակնառու երևույթներից մեկն է»,- ասաց Աշոտյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի՝ մարտի 2-ի լուսաբացը Մյասնիկյանի արձանի մոտ դիմավորելու վերաբերյալ որոշմանը, Աշոտյանը նշեց, որ ինքը ողջունում է «Նիկոլի մոտեցումը, քանի որ նա ունի նման բան անելու առիթ, ինչը չունեն Լևոն Զուրաբյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը»: «Պատկերացնո՞ւմ եք, որ բոլորը Լևոնի նման այդ գիշերը դիմավորեին' ամեն մեկն իր տանը»,-նշեց Աշոտյանը:
Նրա խոսքով' ինքը լավ է հիշում, թե ինչպես էր ՀԱԿ պարագլուխներից մեկը բանակցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի հետ և սակարկում մարտի 1-ի, զոհերի հիշատակի շուրջ: