Ուսման մակարդակն ուղիղ համեմատական չէ ուսանողների թվին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե բուհերում հավելյալ տեղեր հատկացնելու դեպքում կտուժի կրթության որակը: «Խնդիրներին պետք է նայել համակարգային տեսանկյունից: Լավ, չավելացրինք տեղեր: Նշանակում է՝ բուհերը կընդունեն ավելի քիչ թվով ուսանողներ, և ստիպված կլինեն ամբիոնների և կառուցվածքների կտրուկ խոշորացումներ անել: Նշանակում է՝ կունենանք կամ աշխատավարձի նվազեցում, կամ կրճատումներ: Դուք ցանկանո՞ւմ եք այդպես լինի: Կրթության իրավունք ունեն բոլորը, և մենք այդ իրավունքը տալիս ենք ուսանողին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:
Աշոտյանը հավելեց, որ մենք միջազգային կրթական դասակարգիչների մեջ ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունենք, և դա լավ է, երբ բարձրագույն կրթությունը դառնում է մասսայական: «Այլ բան է, որ մեզ մոտ բարձրագույն և միջին մասնագիտական կրթությունների հարաբերակցությունը հետաքրքրությունների առումով օպտիմալ չէ, բայց այստեղ հստակ տեղաշարժեր կան, որովհետև որոշ քոլեջներում հսկայական մրցույթներ կան»,- փաստեց նախարարը:
Հանրապետությունում միասնական քննությունների լրացուցիչ՝ երկրորդ փուլի «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննություններով ավարտվեցին միասնական քննությունները: Հանրապետությունում միասնական քննությունները մեկնարկել էին հունիսի 2-ից: Քննությունների առաջին փուլը եզրափակվել է հունիսի 23-ին: Քննական երկրորդ փուլը անցկացվում էր հուլիսի 2-8-ը: