Շուրջ 11 հազար մարդ ձեռք ձեռքի են բռնել եւ կենդանի շղթա կազմել Գերմանիայի Դրեզդեն քաղաքի կենտրոնում: Ակցիան անցկացվել է ի հիշատակ պատերազմի զոհերի եւ 1945 թվականի ռմբակոծումների, որոնք հողին հավասարեցրին Սաքսոնիայի այս քաղաքը: Այդ կերպ նաեւ բողոք է հայտնվել նեոնացիստներին, որոնք ամեն տարի փորձում են այդ տարեթիվն օգտագործել երթ կազմակերպելու եւ իրենց գաղափարախոսությունը քարոզելու համար:
Դրեզդենի ռմբակոծումները Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կողմից իրականացվել են 1945 թվականի փետրվարի 13-15-ին: Ավերիչ ավիագրոհների հետեւանքով ամբողջովին ոչնչացվել է քաղաքի պատմական կենտրոնը:
Մինչ այժմ հնարավոր չէ ճշգրիտ ասել, թե որքան մարդ է զոհվել այդ օրերին: Ոմանց գնահատումների համաձայն՝ կյանքից զրկվել է շուրջ 25 հազար մարդ, բայց պատմաբաններից մի քանիսը պնդում են, որ այդ թիվը կարող է հասնել հարյուր հազարների: