ՀՀ արդարադատության նախարարությունը 2014 թվականի սկզբին նախատեսում է ձևավորել միջազգային մասնավոր իրավունքի հարցերի աշխատանքային խումբ: Մեր երկրում միջազգային մասնավոր իրավունքի մասին օրենքի մշակման վերաբերյալ փետրվարի 15-ին Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի և ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ անցկացվեց կլոր-սեղան քննարկում: Քննարկման նպատակը միջազգային մասնավոր իրավունքի օրինակարգման (կո դիֆիկացման) կարիքների վերաբերյալ խորհրդակցությունն էր, որին մասնակցեցին շահառուներ, իրավական ոլորտի փորձագետներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

«Այսօրվա քննարկումը նվիրված է մի կարևոր թեմայի, որի ուղղությամբ արդարադատության նախարարությունը ևս իր բարեփոխումների ծրագրում նախատեսել է որոշակի միջոցառումներ: Խոսքը միջազգային մասնավոր իրավունքին վերաբերող կոլիզիոն նորմերի բարեփոխումների խնդիրն է: Քաղաքացիական օրենսդրության բարեփոխման շրջանակներում մենք անդրադառնալու ենք նաև միջազգային մասնավոր իրավունքին: Մենք ունենք կոլիզիոն նորմերի համակարգ, որը սահմանված է օրենսդրությամբ, սակայն որոշակի ժամանակահատված հետո հասարակական հարաբերություններն են ստիպում բարեփոխումներ կատարել: Մենք ցանկանում ենք վերացնել բացերը, որոնք առկա են կոլիզիոն նորմերի բովանդակության մեջ»,-  նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը:

 

Քննարկման նպատակն էր մի շարք հիմնարար խնդիրների բացահայտումը, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի համար միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ օրենսդրության վերանայման իմաստով' ներառելով կոլիզիոն իրավական ինստիտուտների, ինչպես նաև միջազգային իրավունքի մասին դրույթները և Հայաստանում արտաքին առևտրի և ուղղակի ներդրումների համար միջավայրի բարելավման խնդիրները:

 

Կոնֆերանսի ընթացքում ելույթներով հանդես եկան փորձագետներ Կենտի համալսարանից Մարկո Ռոչիան, ԵՄԽԽ-ի արդարադատության ոլորտում բարեփոխումների խորհրդատու Չարլզ Էհրլիհը, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Մուշեղ Մանուկյանը և ԵՊՀ դասախոս Արմեն Հայկյանցը:

 

ԵՄ խորհրդատվական խմբի կարծիքով`միջազգային մասնավոր իրավունքի վերանայումը և մշակումը Հայաստանում շարունակում է ունենալ շատ կարևոր դեր արտաքին ուղղակի ներդրումների, ինչպես նաև Հայաստանում լավ բիզնես միջավայր ձևավորելու համար համապատասխան իրավական դաշտ զարգացնելու գործընթացում: Նշված վերանայումը կարող է օժանդակել Հայաստանում արբիտրաժի իրավական կարգավորման շրջանակի զարգացմանը: Այն նաև շատ կարևոր է Հայաստանի միջազգային մասնավոր իրավունքը միջազգային ստանդարտներին և հաստատություններին ներդաշնակեցնելու առումով մի շարք ոլորտներո ւմ, ինչպիսիք են' ընտանեկան և աշխատանքային օրենսգրքերը և «Մասնավոր սեփականության մասին» օրենքը: