Հայաստանի տնտեսությունն առողջ է, իսկ այդտեղ կատարված փոփոխությունները հնարավորություն են տալիս առավել մեծ տնտեսական աճ ակնկալել 2014 թվականի համար: Հայաստանի կողմից արտարժույթային պարտատոմսերի թողարկումը վկայում է Հայաստանի վճարունակության մասին: Փետրվարի 15-ին ԵԿ միության տասներորդ համագումարի ժամանակ հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեր տնտեսությունն առողջ է, մեր տնտեսությունն ամուր է, մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ, և սա շատ լավ հիմք է ապագայում ևս լավ տնտեսական աճ ապահովելու համար»,-ասաց նախագահը:

 

Նրա խոսքով' այժմ կառավարությունն ի մի է բերում 2013 թվականի տնտեսական աճի արդյունքները: Ըստ որի' նախորդ տարվա տնտեսական աճը զիջելու է 2012-ի ցուցանիշը' 7 տոկոսի փոխարեն կազմելով 3.5 տոկոս: Նախագահը նաև թվարկեց մի շարք երկրներ, ուր տնտեսական աճը զիջել է կանխատեսումներին' նշելով, որ վերջին վեց տարիներին' բացառությամբ մեկի, Հայաստանը կայուն տնտեսական աճ է ունեցել: Վեց տարվա միջին տարեկան գնաճը կազմել է 40 տոկոս, աշխատավարձերի աճը' 60 տոկոս:

 

Նա նաև հիշեցրեց Հայաստանի կողմից արտարժույթային պարտատոմսերի թողարկումը, երբ «չարակամները» գուժում էին, որ Հայաստանին ոչ ոք պարտք չի տա: «Արդյունքում, մեր երկրին առաջարկեցին 3 միլիարդ դոլար պարտք: Մենք վերցրինք ընդամենը 700 միլիոնը, որովհետև ավելին կարող էր վատթարացնել մեր տնտեսական վիճակը, մեր ցուցանիշները»,- ասաց նախագահը' հավելելով, որ սեպտեմբերից փետրվար հատվածում այդ արժեթղթերի եկամտաբերությունը 6 տոկոսից դարձել է 5.8 տոկոս, ինչը խոսում է վստահության աճի մասին: Նախագահի խոսքով' պարտք են տալիս նրան, ում վստահում են, որ վերադարձնելու է պարտքը:

 

2013 թ. սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ թողարկեց եվրոպարտատոմսեր, որոնց գլխավոր տեղաբաշխողներն էին Deutsche Bank-ը, LondonBranch-ը, HSBC Bank-ը և J.P.Morgan Securities-ը։ ՀՀ ֆինանսների նախարարության թողարկված եվրապարտատոմսերը տեղաբաշխեցին 700 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկված եվրապարտատոմսերի պահանջարկը հատեց 3 միլիարդ ԱՄՆ դոլարի սահմանը: