Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, իսկ Վրաստանի որոշումը' շարժվել եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ չի խոչընդոտի երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների շարունակմանն ու զարգացմանը: Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող' Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելշվիլիի հետ ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ համագործակցությունը միայն կնպաստի երկու երկրների գործարար կապերի ամրապնդմանը:

 

Երկրի ղեկավարը նշեց, որ հայ և վրացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները տարածաշրջանում կայունության պահպանման լավագույն հիմքն են: Միայն 2013թ. տեղի է ունեցել մեկ վարչապետական եւ 15 նախարարական այցելություն, ինչը, Սարգսյանի գնահատմամբ, խոսում է քաղաքական ներկխոսության բարձր մակարդակի մասին: Կայանալիք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստն էլ կնախանշի հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման ուղենիշները: Ելույթի ժամանակ Սերժ Սարգսյ անը կարեւորեց նաեւ երկու երկրների միջեւ անվտանգության ոլորտում համագործակցությունը' հավելելով, որ վրացի գործընկերոջ հետ ձեռք է բերել պայմանավորվածություն' միջազգային հարթակներում զգայուն հարցերի վերաբերյալ ցուցաբերելու երկկողմ հավասարակշռված դիրքորոշում: «Մենք վստահ ենք, որ ցանկացած հակամարտություն հնարավոր է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով' միջազգային նորմերին համապատասխան, բանակցությունների միջոցով»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը' հավելելով, որ այցը որակական նոր լիցք կհաղորդի հայ-վրացական եղբայրական հարաբերություննե րի ամրապնդմանը և երկկողմ ողջ ներուժի օգտագործմանը:

 

Ավարտին, Սերժ Սարգսյանը խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն, որ իր հիմնադրամից գումար է հատկացրել Թբիլիսիի հայկական եկեղեցիներից մեկի վերականգնման համար:

 

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին: Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 80 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ: Երկու երկրների միջև հիմնարար փաստաթուղթը 2001 թ. հոկտեմբերին ստորագրված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրն է: Առևտրատնտեսական բնագավառում գործում են ազատ առևտրի, երկակի հարկերից խուսափելու, ավտոմոբիլային և օդային հաղորդակցության, իրավական օգնության, ներդրումների խրախուսման և տնտեսական կապերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծող մի շարք այլ համաձայնագրեր: Հայաստանի և Վրաստանի միջև գործում է հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով: